ԱԺ-ում փորձում են կայանալ լրագրողների հաշվին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կլյուչնիկի» հոգեբանությունը դժվար է փոխել: Նա իրեն համարում է դրության տեր, որն իրավասու է բանտարկյալի վրա դուռ կողպել: Բայց իրականում նույն «կլյուչնիկը» նաև բանտարկյալի համար ծխախոտ ու հաց բերող է աշխատում: Բայց քանի որ դրա համար առանձին է «վարձատրվում» մի քանի գրոշով, ուստի՝ արագ մոռանում է այդ մասին՝ շարունակելով հպարտանալ իր՝ դուռ փակողի «ամենազոր կարգավիճակով»:

Ինչո՞ւ հիշեցինք այս ճշմարտությունը. այսօր ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն անակնկալի հանդիպեցին. իրենց համար նախատեսված «խցի» պատին պարտադրանքների մի շարք էր փակցված. ըստ այդմ՝ լրագրողը պարտավոր է հարգել ԱԺ աշխատակազմի, պատգամավորի իրավունքները, չխոչընդոտել նրանց աշխատանքին: Իհարկե, ճիշտ է ասված, բայց ի՞նչ կարիք կա դրա մասին գրավոր հայտարարություն անել: Դա յուրաքանչյուր դաստիարակված մարդու առաքելությունն է, այդ թվում՝ և՛ լրագրողների, և՛ փակցնողների:

Բայց պարզվում է՝ գրավոր հիշեցման կարիք կա, որովհետև ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նոր պետը՝ Արսեն Բաբայանը, ինքնադրսևորվելու խնդիր ունի: Նա աշխատում էր ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում՝ խոսնակ, հիմա կարծես թե շփոթում է ՀՀ ամենաբաց ու թափանցիկ մարմինը՝ խորհրդարանը կալանավայրի հետ:

Իհարկե, այն, որ որոշ լրագրողներ ուղղակի անդաստիարակ վարքով են հանդես գալիս, սանձարձակ ու լկտի պահվածքով, վաղուց հայտնի ճշմարտություն է: Բայց 20-ից բարձր տարիք ունեցողին ԱԺ-ում դաստիրակելը ճիշտ չէ: Բացի այդ՝ անընդունելի է նաև բոլորին նույն «արշինով չափելը» և լրագրողներին «սանձելու» քաղաքականություն վարելը, պատկերավոր ասած՝ ծիծաղ է առաջացնում: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և լրատվության պետ Արսեն Բաբայանի պահվածքին հետևելիս մնում է «քահ-քահ ծիծաղել»:

Պարոնա՛յք, ի՞նչ եք ուզում լրագրողներից: Եթե դուք խնդիրներ ունեք կյանքում, եթե չի ստացվում աշխատանքով աչքի ընկնել նույն տիրոջը, կարիք չկա դա անել լրագրողների հաշվին: Առանց այդ էլ լրագրողների «քարը ծանր է», պետք չէ լրացուցիչ «թիթեռ» դառնալ նրանց համար: Զբաղվե՛ք ձեր գործով, միևնույն է, Հայաստանում ամենակայացած համակարգը եղել և դեռ մնում է չորրորդ իշխանությունը: Ե՛ւ նախագահի, և՛ խորհրդարանի, և՛ դատական ինստիտուտները համարվում են չկայացած: Դուք աշխատեք այդ ուղղությամբ, ոչ թե կայացած համակարգը փշրելու: Ենթադրենք լրագրողներին էլ մինչև վերջ վարկաբեկեցիք, դրանից Հրայր Թովմասյանին կամ Արսեն Բաբայանին տրված փողոցային որակումների արժեքն ու արդիականությունը կկորի՞: Իհարկե, ոչ:

Arsen_Babayabn




Լրահոս