ՀԱՐՑ. Նախկինում մարդիկ նամակագրական կապն ավելի շատ էին օգտագործում, քան հիմա: Այն ժամանակ նամակ ուղարկելիս սկզբում գրում էինք՝ որտեղ ենք ուղարկում, հետո՝ ում ենք ուղարկում: Ինչո՞ւ է հիմա փոխվել ձեւը, եւ ինչո՞ւ են հիմա նամակի ներքեւում գրում այդ տվյալները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տարիների ընթացքում, բնականաբար, շատ բաներ են փոխվել, իսկ կոնկրետ նամակների ուղարկման կարգում եղած փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում նամակներն ու ծրարներն արվում են այնպես, ինչպես ողջ աշխարհում է հիմա ընդունված:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս առումով եւս ձգտում են նմանվել աշխարհի մյուս երկրներին, թեեւ այդ փորձը տեղայնացնել այդպես էլ չի հաջողվում: Փոստային բաժանմունքներում հաճախ կարելի է տեսնել մարդկանց, որոնք, արդեն պատրաստ նամակը ծրարում տեղավորելով, աշխատակցին խնդրում են լրացնել իրենց եւ ստացողի հասցեները: Բացի այդ, ի տարբերություն հին ու բարի ժամանակների, ծրարները ներկայում սահմանված չափ կամ ձեւավորում չունեն: Մինչդեռ նախկինում դրանց վրա` առանձնացված անկյուններում, կատարված նշումներից պարզորոշ կերպով երեւում էին ուղարկողի եւ ստացողի հասցեները: