ՀԱՐՑ. Ամիսներ առաջ հարեւանուհուս տղան մի անմիտ պատմության մեջ ընկավ, որի հետեւանքով ձերբակալվեց: Մինչ նա կարդարացվեր, գործից հանեցին: Հիմա նա արդյոք իրավունք ունի պահանջել իր աշխատանքը կամ փոխհատուցում ստանալ այդ ժամանակահատվածում չստացած աշխատավարձի դիմաց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու եւ դատապարտման հետեւանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները: Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ.
1. աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է,
2. գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետեւանքով պատճառված վնասը,
3. վճարված դատական ծախսերը,
4. փաստաբանին վճարված գումարները, դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:
5. գումարները, որոնք ծախսվել են անձին անազատության մեջ պահելու համար, դատական ծախսերը,
Այն դեպքում, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացման դատավճիռ է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով, սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցումը կատարվում է միայն քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայցի լուծումից հետո:
«Իրավունքների պաշտպանություն
առանց սահմանների» հ/կ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե տուժածն անձամբ հետաքրքրվեր իր իրավունքներով, հավանական է, որ նրան մերժեին՝ ասելով, թե ոչինչ էլ հնարավոր չէ վերականգնել: Բայց, ինչպես տեսնում ենք, օրենքը բավական մեծ հնարավորություն է տալիս տհաճ քաշքշուկի ընթացքում կրած վնասի նյութական կողմը վերականգնելու համար: