Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 13 շենքի 28-րդ բնակարանի շքապատշգամբը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1939 թ.) 19-րդ բնակարանի (սեփականատեր՝ Ա. Գ.) փայտե պատշգամբից փլուզվել է մոտ 5 քմ հատված: Տուժածներ չկան:
Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի հեռախոսահամարով ահազանգ է ստացվել առ այն, որ փլուզվել է Տիգրան Մեծի պողոտայի 13/1 շենքի պատշգամբներից մեկը:
Ահազանգի հետքերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները կարճ ժամանակ անց այցելել են նշված հասցե և պարզել, որ տվյալ շենքը ներառված է իրացման գոտում, որի չբնակեցված բնակարաններից մեկի պատշգամբում էլ գրանցվել է փլուզումը, որը բարեբախտաբար որևէ անձի վնաս չի պատճառել: Տեղում արձանագրվածի մասին պատասխանատուները զեկուցել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել է վաղ առավոտից համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավոր հետագա վտանգները չեզոքացնելու ուղղությամբ: