Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմից զորակոչված և ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին, ովքեր «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով աջակցություն են ստացել:

«Մենք ուզում ենք շնորհակալություն ասել մեզ չմոռանալու և մեր որդիների հիշատակը վառ պահելու համար: Յուրաքանչյուրիս զավակը հերոս է, որ իր կյանքի գնով պահել է մեր Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ հերոս զավակի մայր եմ: Շնորհակալ եմ ձեր ու թեմի կողմից իրականացված «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի համար», -ասաց մայրերից մեկը:

Սրբազանը զրուցեց մայրերի հետ, լսեց նրանց որդիների պատմությունները, մխիթարության խոսքեր ասաց. «Սիրելի մայրեր, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր նախաձեռնությունները օրհնվում են Հայոց Հայրապետի կողմից՝ մեր սրբություն սրբոց Էջմիածնից: Որևէ գումար չի կարող փոխհատուցել ձեր կորուստը, որ բոլորինս է: Ոչինչ չի կարող ամոքել այն ցավը, որ կա ձեր սրտերում: Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեր առաջ՝ նման հերոս որդիներ ազգին նվիրելու համար: Ցավոք՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ անմեղ զոհերից խուսափել չենք կարողանում: Աղոթում ենք առ Աստված, որ այլևս ոչ մի կյանք չպահանջվի՝ մեր Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար: Սակայն յուրաքանչյուրիս գերագույն պարտքն է տալ Հայրենիքին առավելագույնը: Պարտական ենք ձեզ ու բոլոր հայ մայրերին»:

Սրբազան հայրն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ու նրանց կողքին լինել անհրաժեշտ պարագաներում: Մայրերը խնդրեցին հնարավորություն ընձեռել հաճախ հանդիպել Սրբազանին, ինչին նա սիրով համաձայնեց:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին




Լրահոս