Ի՞նչ կապ ունի Շեկոն Կ. Եսայանի սպանության հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության համար ամբաստանվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանի Վճռաբեկ բողոքի շուրջ դատարանը դեռևս պատասխան չի տվել, և ինչպես հայտարարեց պաշտպանը, սրանով դատարանը խախտում է դատավարության սահմանված կարգը:

Լրագրողի հարցին՝ որն է լինելու պաշտպանական կողմի հաջորդ քայլը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատեց, որ պետք է իրատես լինել՝ հույս չդնելով Հայաստանի դատական ատյանների վրա: Ինչ վերաբերում է Եվրոպական դատարան բողոքարկելուն, իրավապաշտպանը հայտնեց, որ եթե անգամ այնտեղ ընթացք տրվի գործին, դատարանի որոշումը կլինի միայն փոխհատուցման ձևով, իսկ Հարություն Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Եթե ոստիկանները Հարությունին խոշտանգել են, ի վերջո, պետք է պատասխան տա՞ն, թե՞ ոչ: Կամ իբր որ զենք են գտել, այդ կեղծիքի համար պե՞տք է պատժվեն վերջապես»,- ասաց իրավապաշտպանը:

Նշենք, որ պաշտպան Լուսինե Սահակյանը փոխանցեց, որ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի՝ գործի հետ առնչություն ունենալու հարցը քննելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, դատաքննության ընթացքում այս հարցը բարձրացվել է, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից առանց որևէ պատճառաբանության՝ գործին ընթացք չի տրվել:

Հիշեցնենք, որ պաշտպանն ասում էր, թե դեպքի նախորդ օրը Սպարտակ Ղուկասյանը վիճաբանություն է ունեցել սպանված Կարեն Եսայանի հետ՝ ասելով, թե նա իր քրոջ հետ չի կարող ամուսնանալ:

Իսկ թե ինչու քավության նոխազ դարձավ հենց Հարություն Սարգսյանը, պաշտպանն ասաց, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Հարություն Սարգսյանը սիրահարված է եղել Վարդան Ղուկասյանի դստերը՝ Կարեն Եսայանի հարսնացուին, նրանից մերժում ստանալով՝ որոշել է վրեժխնդիր լինել:

«Քննությամբ ապացուցվել է, որ Հարությունն ու այդ աղջիկն իրար երբևէ չեն ճանաչել, իրար հետ չեն շփվել: Նախաքննական մարմինն էլ է ընդունել այս փաստը: Կամ եթե նունիսկ սիրեին իրար, Կարեն Եսայանին սպանելու իմաստը ո՞րն էր: Նշեմ, որ քրեական գործով ապացուցվեց, որ Հարություն Սարգսյանն իրականում ունեցել է ընկերուհի, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ, ինչն ապացուցվել է նաև հեռախոսազանգերով, որոնք նրանք արել են օրը քսան անգամ»,- հավելեց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս