Ինձ համար ցանկալի կլիներ՝ ելույթս ձևակերպեի ՄԻՊ-ի ելույթի շրջանակներում, սակայն պետք է անդրադառնամ երեկ տեղի ունեցածին, քանի որ մեր որոշ գործընկերներ երեկ իրենց պահում էին որպես դատավորներ: Այս մասին այսօր խորհրդարանում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Խորհուրդ կտայի, որ չմտնեին մարդկանց ընտանիքներ և չխորացնեին սպիացած վերքերը՝ իրենց քաղաքական շահարկումներին օգուտ տալով: Խորհուրդ չէի տա նման ոճով քաղաքական դիվիդենտներ հավաքել», – իր խոսքի սկզբում նշեց նա:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը հայտնեց նաև, թե ականատես ենք եղել պետական դավաճանության վառ օրինակի, երբ խորհրդարանի ամբիոնն օգտագործվել է ադրբեջանցիներին և թուրքերին ապատեղեկատվություն տալու համար:
«Ես գիտեմ, որ այստեղ գումարներ են հոսում, մարդիկ պահում են իրենց ընտանիքները, բայց երեկ այստեղ զգացի ալիևյան նավթադոլարների հոտ: Կարծես թե արդեն ֆինանսավորման ուղղությունը փոխվել է», – հայտարարեց նա, ինչից հետո մեծ աղմուկ սկսվեց պատգամավորների շրջանում: Վ, Բաղդասարյանն էլ հակադարձեց՝ եթե մարդիկ ոգևորվում են, ուրեմն՝ ճշմարտացի է:
«Կարգ ու կանոն ստեղծե՛ք, կամ դուք, պարո՛ն նախագահ, հնարավորություն ունեք ամբարտավաններին դուրս հրավիրել դահլիճից», – ասաց Բաղդասարյանը, ինչին ի պատասխան՝ ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե կարող են կարծիքները տարբեր լինել, և դրա համար կարիք չկա այլ մեթոդների դիմել:
«Մեր մեծերը մեզ խորհուրդ են տալիս, որ չվիճենք տգետների, անբարոյականների, սակավամիտների, սադրիչների հետ, քանի որ նրանք իրենց գործը լավ են անում, և մենք կպատժվենք: Իսկ պոռոտախոսներին ցանկանում եմ ասել՝ մեկ անգամ հայելու մեջ նայե՛ք և հարցրե՛ք, թե ինչ եք արել այս երկրի համար», – հավելեց նա: