Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալով՝ բյուջեն կկորցնի 2.5 մլրդ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագիծը:

Միրումյանը նշեց, որ առաջարկվում է 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից, սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով, հարկային հաշիվները 2015 թ. հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը՝ 2016 թ. հունվարի 1-ից դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե բյուջետային եկամուտներն ինչքանով կպակասեն, քանի համայնքի է վերաբերելու արտոնությունը:  Վ.Միրումյանը նշեց, որ համաձայն նախագծի, այն տարածաշրջանները, որոնց վրա տարածվելու է արտոնությունը, որոշելու է կառավարությունը. «26-47 բնակավայրերի հաշվով ենք հաշվարկել: Ցանկը մեծ է՝ կախված նպատակներից: Բյուջեի 2.5 մլրդ դրամ եկամուտների նվազման մասին է խոսքը», – ընդգծեց նա:




Լրահոս