
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը: Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին և ՀԱՊԿ ստեղծման տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:
ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի: