
Ելիսեյան պալատում ավարտվել է Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից` ընտրված նախագահ Ֆրանսուա Օլանդին լիազորությունների հանձնման արարողությունը: Օլանդը Ելիսեյան պալատ է եկել Փարիզի 15-րդ շրջանից, որտեղ բնակվում է: Չնայած մեծ թվով ուղեկցողներին, նրա ավտոշարասյունը մի քանի անգամ կարմիր լույսի տակ կանգնել է ճանապարհներին՝ ճանապարհ տալով հետիոտններին: Սարկոզին Օլանդին դիմավորել է շենքի մուտքի աստիճանների մոտ: Կարճատեւ ձեռքսեղմումից հետո նրանք մտել են նախագահի աշխատասենյակ: Գործերը եւ միջուկային գաղտնաբառերը նոր նախագահին հանձնելուց հետո Սարկոզին հեռացել է, իսկ Օլանդն ուղղվել է հանդիսությունների դահլիճ, որտեղ էլ հյուրերի ներկայությամբ հռչակվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ: