Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը սպառնում է ոչ միայն իր աշխատողներին, այլ նաև շուկայի հարեւանությամբ ապրողներին. գրում է hetq.am-ը:
Շուրիկ Ղասաբյանն ավտոլվացման կետ է աշխատեցնում Երևանի Խորենացի1-ին նրբանցքում գտնվող իր սեփական տան մի հատվածում: Ասում է՝ օրվա հացը վաստակելու միակ միջոցն է: Մինչև Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ ունեցած միջադեպը, նա հանգիստ կարողացել է օգտագործել ավտոլվացման կետին հարող տարածքը: Այնտեղ կայանում էին իր հաճախորդների մեքենաները: Սակայն այժմ, ասում է, հնարավոր չէ գործ անել, քանի որ Վաղարշ Աբրահամյանը իր բարեկամների, ծանոթների մեքենաներով շրջափակել է տարածքը:
«Վերջերս` գիշերվա ժամ էր, Վաղարշը, տղաները, ախրանան, բոլորով կանգնած էին էստեղ: Զարմացա: Դու մի ասա, ժամը մեկից հետո, բերում սաղ տարածքում էդ ավտոները լցնում են: Մի գիշերում են արել: Որտեղ որ մեքենաները ամբողջ տեղը չեն զբաղեցրել, մեքենաները ոչ թե ուղիղ էին կանգնեցնում, այլ թեք, որ ամբողջ տարածքը զբաղեցվի»,- ասում է Շուրիկ Ղասաբյանը:
Վաղարշ Աբրահամյանի վրեժխնդրության պատճառները
Նրբանցքի բնակիչները Ոսկու շուկայի տիրոջ թշնամանքը վաստակել են նրա նախորդ երկու օրինազանցությունների դեմ պայքարելու պատճառով:
Երեք տարի առաջ Վաղարշ Աբրահամյանը նրբանցքում սկսել է դուռ ու պատուհան արտադրող իր բիզնեսը՝ բնակելի տների հարևանությամբ աշխատեցնելով փայտամշակման հաստոց:
«Տունը էդ ձայնից դողում էր, տանն էլ փոքր երեխաներ կան: Քանի անգամ դիմեցինք իրեն, որ հանի էդ ֆուգանը, որովհետև չէր լինում էստեղ ապրել, բոլոր բնակիչներին խանգարում էր»,- պատմում է Շուրիկ Ղասաբյանը: Վաղարշ Աբրահամյանը հաստոցը դադարեցնում է աշխատեցնել միայն այն ժամանակ, երբ բնակիչները ձայնագրում են հաստոցի ձայնը և դիմում քաղաքապետարան:
Նրբանցքի բնակիչների և Ոսկու շուկայի տիրոջ միջև երկրորդ բախումը վերջերս է տեղի ունեցել:
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն տրանսֆորմատորային ենթակայան է տեղադրել Խորենացի 1 նրբանցքում՝ բնակելի տների հարևանությամբ: Բնակիչները ընկերությունից պահանջել են ցույց տալ տրանսֆորմատորի տեղադրման թույլտվությունը:
«Բերեցին մի հատ գծագիր, ինձ ցույց են տալիս, թե տարածքն իրենցն է, ասեցի՝ ես անգրագետ եմ, քսերոքս արեք, տվեք, տանեմ քաղաքապետարան, թող իրենք ասեն՝ եթե ձեր տարածքն է, վերցրեք: Էդ գծագրում չէր երևում, որ տարածքը իրենցն է»,- պատմում է Շուրիկ Ղասաբյանի հայրը՝ Սերգեյ Ղասաբյանը: |
Գծագրի պատճենը չի տրամադրվել: Վաղարշ Աբրահամյանի թիկնապահներից մեկն էլ՝ Մաթոս անունով, սպառնացել է Սերգեյ Ղասաբյանին, թե «տղա ունես, տղուդ մասին մտածի»:
Այս վիճաբանությունից երկու օր հետո՝ առավոտյան, Սերգեյ Ղասաբյանի տուն են այցելել ոստիկանները և նրան ու որդուն բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ առանց որևէ ծանուցման: Այստեղ էլ պարզվել է, որ ոմն Մարտին, ով Վաղարշ Աբրահամյանի աշխատողներից է, ցուցմունք է տվել Սերգեյ Ղասաբյանի դեմ, թե երկու օր առաջ ինքն էլ է եղել վիճաբանության տարածքում, և Սերգեյ Ղասաբյանը մետաղաձողով ցանկացել է հարվածել իրեն:
«Էդ Մարտինը Վաղարշի պրարաբն է, գալիս, մեր տնից գործիքներ էր վերցնում, ոսկու շուկայի իննսուն տոկոսը սարքվել է մեր գործիքներով: Գալիս, վերցնում էր, հետը շատ լավ էինք: Ու էդ մարդը մեր վրա գրել էր, թե պապան տրուբով իրեն սպառնացել է հարվածել, ընկել է հետևից, ուզել է խփել: Գործը քաղմասում է, մինչև հիմա ոչ պատասխան ունենք, ոչ մի բան: Մեզ տարան, գրեցին, ու վերջ, մնաց օդում»,- ասում է Շուրիկ Ղասաբյանը: |
Դեպքի վայրում գտնված հարևանները գրավոր վկայությամբ հերքել են Մարտինի ցուցմունքը: Նրանք վկայել են, որ Մարտինն այդ օրը նույնիսկ դեպքի վայրում չի եղել:
Այնուհետև նրբանցքի 23 բնակիչները դեպքից հետո գրավոր դիմում են գրել Երևանի քաղաքապետարան, տեղեկացրել, որ «Վաղարշ և որդիներ» ընկերությունը իրենց բակում տեղադրել է մեծ հզորության տրասֆորմատոր, որը բացօթյա է, առանձնացված չէ շրջապատող տարածքից: Խնդրել են ուղարկել մասնագիտական խումբ՝ գնահատելու՝ արդյո՞ք տրանսֆորմատորը տեղադրվել է օրենքով սահմանված նորմատիվների և անվտանգության կանոնների պահպանմամբ: Բնակիչները պահանջել են նաև տեղեկացնել՝ արդյոք ինչ իրավունքներ ունի Վաղարշ Աբրահամյանը նշված տարածքի նկատմամբ, սեփականաշնորհե՞լ է այն, թե՞ վարձակել:
Միայն բնակիչների գրավոր այս դիմումից հետ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տրանսֆորմատորը տեղադրվել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացողհողամասում՝ առանց համապատասխան թույլտվության: «Տրանսֆորմատորային ենթակայանը, Երևանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում տեղափոխվել է»,- նշված է քաղաքապետարանի՝ հոկտմեբերի 2-Ին բնակիչներին ուղղարկված նամակում:
Տրանֆորմատորի դիրքը նախկինում, լուսանկարը` Շ. Ղասաբյանի |
Բնակիչների բողոքի արդյունքը. տրանսֆորմատորը տեղափոխվել է Վ. Աբրահմյանին պատկանող տարածք |
«Վաղարշ և որդիներ ՍՊԸ»-ի նոր հաշվեհարդարը` դարձյալ ապօրինի
Վաղարշ Աբրահամյանը տրանսֆորմատորը տեղափոխել է պատի մյուս կողմ՝ իրեն պատկանող տարածք: Փոխարենը սկսել է հաշվեհարդար տեսնել Սերգեյ Ղասաբյանի որդու հետ:
Լուսանկարում երևում է, թե ինչպես են Վաղարշ Աբրահամյանի թիկնապահները տարածքում փակցնում «անվճար կանգառ» գրությունը: Այս գործողությունը կատարելու համար նրանք պետք է ունենային քաղաքապետարանի` ավտոկայանտեղ կազմակերպելու թույլտվություն:
Լուսանկարները` Շ. Ղասաբյանի |
Խորենացի 1-ին փակուղու այս տարածքում ավտոկայանտեղ կազմակերպելու թույլտվություն «Վաղարշ և որդիներ» ընկերությանը տրված չէ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: