Այսօր Armlur.am-ն անդրադարձել էր Տավուշի մարզի Մակարավանք վանական համալիրում տեղի ունեցած գանձագողության դեպքին՝ նշելով, թե 2 տարի առաջ անհայտ անձինք արժեքավոր զարդեր գտնելու ակնկալիքով քանդել են եկեղեցու պատը, իսկ ոստիկանությունն առ այսօր չի հետաքրքրվել ու գտել գանձագողերին:
Armlur.am-ի հրապարակումն առիթ դարձավ, որ «քնած թվացող» այս գործն արթնանա: Ինչպես քիչ առաջ ՀՀ ոստիկանությունից ուղարկված պարզաբանման մեջ է նշվում, իրականությունը հետևյալն է.
«2011 թ. օգոստոսի 22-ին պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայությունից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «Մակարավանք» վանական համալիրի արևելյան հատվածում անհայտ անձանց կողմից փորվել է մոտ 3 մետր խորությամբ փոս՝ հավանաբար գանձ որոնելու նպատակով։
10.10.2011 թ. հիշյալ փաստով նախապատրաստված նյութերը ենթակայության կարգով ուղարկվել նա Տավուշի մարզի քննչական բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումների արդյունքում, 2011 թ. հոկտեմբերի 8-ին ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Անդրանիկ Կարապետյանը, և պարզվել, որ նա 2011 թ. հուլիս-օգոստոս ամիսներին գանձ փնտրելու նպատակով միայնակ փորել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարածքում գտնվող Մակարավանքի վանական համալիրի պահպանական գոտին։
Ա. Կարապետյանի գործողությունները ձևականորեն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության հանցափորձ), 264 հոդվածի (պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով նախատեսված արաքների հատկանիշներին, սակայն նկատի ունենալով, որ վերջինիս կողմից հիշյալ գործողությունների կատարումից հետո որևէ պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկա չի ոչնչացվել կամ վնասվել, որևէ գանձ չի գտնվել և դրա գոյության մասին էլ ոչինչ նախկինից ևս հայտնի չի եղել, ապա Ա. Կարապետյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի, 264 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների հանցակազմը։ 09.12.2011 թ. սույն նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Ա. Կարապետյանի գործողություններում հանցակայմի բացակայության պատճառով։ Որոշման օրինակը նյութերով ուղարկվել է Տավուշի մարզի դատախազին՝ մերժման օրինակությունը ստուգելու համար»։