Դուք ինձ չեք կարող ոչինչ հանձնարարել. Ն. Փաշինյանը՝ ֆինանսների փոխնախարարին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արծվիկ Մինասյանի տված հարցին ի պատասխան («Դուք ասացիք, որ իմ ներկայացրած առաջարկին ծանոթ չեք սահմանամերձ գյուղերի հետ կապված: Զարմացած եմ, քանի որ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր Ձեզ նայել, թե այդտեղ ողջամիտ առաջարկ կար թե ոչ») այսօր Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին նման հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Դուք այստեղ ասում եք՝ ծանոթ չեմ: Ձեր մոտ ուրիշ զգայարաններով են որոշո՞ւմ՝ ողջամիտ է, թե՝ ոչ: Կառավարությունում այս թեմայով աշխատանքային խումբ կար, և իմ ներկայությամբ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջին զիջումը պետք է լինի այդ շրջաններում կոմունալ վճարների փոխհատուցումը: Եվ այստեղ նստածները, ովքեր արգելակում էին իմ առաջարկի մուտքը քառօրյա, ասում էին՝ այո, կոմունալ վարձերի գծով զիջումներ պետք է արվեն: Անընդհատ Ձեր խոսքի մեջ ասում եք սահմանապահ համայնք. այդպիսի կատեգորիա չկա, որտեղի՞ց եք վերցրել», – ընդգծեց նա:

Պատասխանելով պատգամավորին՝ փոխնախարարն ասաց. «Այո՛, վարչապետը հանձնարարել է, և իմ տեղեկություններով՝ տարածքային կառավարման փոխնախարարը ծանոթացել է: Ես ու Դուք ունեցել ենք խոսակցություն, ես խնդրել եմ Ձեր առաջարկությունները ներկայացնել այս առաջարկում ներառելու համար: Գազի, ջրի, վարձերի նվազեցման հարց չի քննարկվել այս թեմայով: Սահմանապահ բառի հետ կապված ասեմ, հիմնական շեշտադրումը կատարվում է այն մասերում, որտեղ մարտական գործողությունների շրջանում տուժում են»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Վարչապետը հանձնարարականը տվել է անձամբ Ձեզ: Նախ՝ Դուք ինձ բան չեք խնդրել, երկրորդն էլ վարչապետն անձամբ Ձեզ հանձնարարել էր: Ուզում եմ հիշեցնել՝ Դուք ինձ չեք կարող ոչինչ հանձնարարել: Լրագրողներն էլ ինձ զանգում էին, թե այդ ինչ բան է՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարում է քո առաջարկն ուսումնասիրել»:

Պատասխանելով պատգամավորին՝ Միրումյանն ասաց. «Մենք վարչապետի առաջարկը կատարել ենք: Ձեր մասով պատասխանատուն եղել է տարածքային կառավարման նախարարությունը: Նախարարությունը համաձայն չի եղել Ձեր առաջարկներին: Ես ինձ թույլ չեմ տվել հանձնարարել, Դուք զանգահարեցիք, ես էլ ասացի ուղարկեք Ձեր տեսակետները»:




Լրահոս