Իշխանափոխությունը չի կարող սահմանափակվել անձի փոփոխությամբ. Ա. Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրական իշխանափոխությունը երբեք չի կարող սահմանափակվել անձի փոփոխությամբ, և բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանից հետո փոխվելու է նաև իշխանությունը, լավ չեն ուսումնասիրել անկախ Հայաստանի անցած ճանապարհը: ԱԺ հայտարարությունների ժամին նման կերպ սկսեց իր ելույթը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Իրական իշխանափոխությունը պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ: Դրա համար ենք համոզված, որ ժողովրդին ծառայող իշխանափոխությունը պետք է լինի ամբողջական: Ամբողջական ոչ միայն նրանով, որ ոչ միայն մարդիկ փոխվեն, այլ հակամարգը, որպեսզի նույնը չկրկնվի»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ Ռուստամյանն ընդգծեց, որ միջազգային փորձն աչքի առաջ ունենալով՝ անգրագիտություն կամ կանխամտածված վնասարարություն է պետականության կայացման գործում արհամարհել կամ նսեմացնել սահմանադրական զարգացումների հասկացությունը:

«Սահմանադրական զարգացում ասվածը լուրջ հասկացություն է: Այն ոչ միայն սահմանադրության փոփոխությամբ է պետք կարգավորել այլ երաշխավորում է, որ ստվերային բնույթ ունեցող ներհասարակական ներպետական հարաբերությունները փոխարինվեն սահմանադրական իրավահարաբերություններով: Այսպես են պետություն դառնում, այս ճանապարհով է պետությունը զարգանում»,- նշեց Ռուստամյանը:

Ա. Ռուստասմյանն իր ասածը չընկալելը բնութագրեց Աշուղ Ջիվանիի խոսքերով. «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ նույնն է, գոհարն էլ նույնն է»:




Լրահոս