Իշխանափոխության վերաբերյալ տվայտանքները փոթորիկ են մի բաժակ ջրում. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հայտարարությունների ժամին ներքաղաքական և արտաքին քաղաքականության խնդիրներին անդրադարձավ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հոկտեմբեր ամիսը հագեցած էր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նման որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք լայնորեն բացվում են Հայաստանի առջև: Ավելին, այն նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հարկ է նշել, որ Հայաստանը նաև պատրաստ է շարունակելու երկխոսությունը Եվրամիության անդամ երկրների հետ բոլոր հնարավոր ուղղություններով», – ընդգծեց նա:

Նա անդրադարձավ նաև հոկտեմբերի 15-ին հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որին Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացության էր արժանացրել: «Բարեփոխումների նպատակներն արժանի են լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջովին ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը:

Տարակուսելի է, որ երկրում համակարգային փոփոխություններ պահանջող որոշ ընդդիմադիր կամ պսևդոընդդիմադիր ուժեր, կտրուկ փոխելով իրենց դիրքորոշումը, հանկարծ հիշեցին, որ երկրում նման բարեփոխումների անցկացման անհրաժեշտություն չկա՝ մտահոգվելով, թե այս կերպ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել: Նման պնդումը քաղաքագիտական անգրագիտություն է, քանի որ աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել և վերարտադրվել ընտրությունների միջոցով:

Հոկտեմբերի 19-ին 13 համայնքում տեղի ունեցան համայնքապետերի ընտրություններ, որտեղ ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց Հանրապետական կուսակցության թեկնածուներին: Ուստի՝ իշխանափոխության վերաբերյալ բոլոր տվայտանքներն ընդամենը փոթորիկ են մեկ բաժակ ջրում», – հավելեց նա:




Լրահոս