Երկու անգամ դատապարտված եղբայրը դանակի 20 հարվածով սպանել էր քրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 51-ամյա բնակիչ Ռոման Հովհաննիսյանը նախորդ տարվա հունիսին դանակի 20 հարվածով սպանել էր քրոջը՝ 50-ամյա Մ.Հովհաննիսյանին: Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, Ռոմանին Շենգավիթի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) և դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով: Ռոմանը պատիժը կրում է «Վանաձոր» ՔԿՀ-ում:

Նշենք, որ Ռոման Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել, դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել այն մասին, որ բնակվել է քրոջ հետ նույն բնակարանում:

Նա տարիներ առաջ փաստացի ամուսնալուծվել է, խնամքին ոչ ոք չի ունեցել, նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Ինչպես դատարանում հայտնել են սպանվածի հարևաններն ու քույրը, Ռոմանը հակում ուներ ալկոհոլային խմիչքների նկատմամբ, չէր աշխատում, և նրա կարիքները հոգում էր չամուսնացած քույրը:

Դատակոչված վկաները պատմել են նաև, որ տարիներ առաջ Ռոմանը բուժում է ստացել հոգեբուժարաններից մեկում, քանի որ տառապել է հոգեկան հիվանդությամբ: Իսկ տան նկուղային հարկում ոստիկանները հայտնաբերել են լուցկու հատիկներից պատրաստված 34 կիսակառույց բուրգեր, բանտի մահճակալի նմանությամբ սարքած մահճակալ, ինչպես նաև զառեր, թղթախաղի թղթեր և կենդանու ատամներ։




Լրահոս