Երևանի քաղաքապետարանը, Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոցի աշակերտների և կոլեկտիվի մասնակցությամբ, կազմակերպել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և մանկավարժ Մուշեղ Իշխանի 100-ամյակի նվիրված հուշ-երեկո:
Առնո Բաբաջայանի անվան համերգային դահլիճի նախասրահում ցուցադրվել են բանաստեղծի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:
Ցուցադրությանը ծանոթացել, ապա միջոցառմանն են ներկա գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաև գրողներ, սփյուռքահայ հյուրեր, աշակերտներ:
Քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին և ընդգծելով, որ 2014 թվականը հայտարարված է եղել Մուշեղ Իշխանի ծննդյան հոբելյանական տարի, Արամ Սուքիասյանը կարևորել է հայ գրականության մեջ իրենց ուրույն հետքը թողած ստեղծագործողների մեծարումն ու նոր սերնդի դաստիարակության հարցում նրանց գրական ժառանգության դերը:
Միջոցառման ընթացքում խրախուսվել են բանաստեղծի 100-ամյակին նվիրված ասմունքի համաքաղաքային մրցույթում հաղթող ճանաչված և աշակերտական գիտական ընթերցումների մրցույթում պարգևատրված աշակերտները:
Բանաստեղծի անունը կրող դպրոցի սաներն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ընթերցել են գրողի ստեղծագործություններից, բեմադրվել են «Ժամադրություն», «Ցուցափեղկին աղջիկը» և «Մեռնիլը որքան դժվար է» գործերը: