Ընդամենը երկու օրից ԿԸՀ-ն կամփոփի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, եւ մեր երկիրը սահուն կերպով կթեւակոխի նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլ: Իսկ որ այդ անցումը ավելի քան սահուն կլինի, արդեն իսկ պարզ է` դատելով դրան խոչընդոտող հիմնական ուժային կենտրոնների վարքագծից: Այս ընտրություններում Սերժ Սարգսյանի հաշվարկն այնպես էր արված, որ հիմնական խաղացողներից եւ ոչ մեկին չնեղացնեին այնքան, որ այն մղվեր արմատական դաշտ: Ստացած արդյունքներից ամենանեղացածը պետք է որ ՀՅԴ-ն լիներ, սակայն դատելով այդ ուժի կեցվածքից, Սերժ Սարգսյանը ՀՅԴ «սիրտը շահել էր» նախօրոք` դեռեւս Հրանտ Մարգարյանի հետ մինչընտրական հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է մնացած «նեղացածներին», ապա Կոնգրեսի մասով Ս. Սարգսյանի մտավախությունները շեշտակիորեն սկսեցին նվազել դեռեւս անցած ամռանից` «երկխոսություն» օպերացիայի արդյունքում, իսկ արդեն տարեվերջին` ՀԱԿ-ԲՀԿ ռեվերանսներից հետո, այդ մտավախություններն արդեն մոտեցան զրոյական նիշին` մայիսի 8-ի ՀԱԿ հանրահավաքից հետո հատելով անգամ զրոյական նիշը: Իսկ ահա «Ժառանգության» դեպքում դեռեւս 2007-ին այս ուժի՝ խորհրդարան անցնելը շատերը կապում էին Հանրապետականի «բարի կամքի» հետ, որը, դատելով կուսակցության անհասկանալի ընտրացուցակից, առկա էր նաեւ այս անգամ: Ուստի, չնայած մայիսի 6-ի ընտրություններին «Ժառանգության» տված կոշտ գնահատականներին, նրա նեղացածությունն իրականում ավելի շատ ներքին խոհանոցային է` համամասնական ցուցակի տարբեր անդամների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ: Մնացին ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն: Առաջինի մասով ասելու շատ բան չկա. ՕԵԿ-ը եթե նեղսրտելու առիթ ունի էլ, ապա միայն սեփական սխալ հաշվարկի` ընտրակաշառքի ու ակնկալիքների մասով: ԲՀԿ-ի մասով էլ, ըստ մեր տեղեկությունների, ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի մասնակցության, արդեն իսկ հաղթահարվել է «նեղացածության եռօրյա ալիքը». մայիսի 9-ին Ստեփանակերտում գտնվող ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները բոլոր հարցերի շուրջ եկել են համաձայնության, եւ ըստ ամենայնի, առաջիկայում մենք ԲՀԿ-ականներից ավելի հաճախ կլսենք արդեն այլ` հաղթական շեշտադրումներով հայտարարություններ այն մասին, որ այս ընտրություններում ԲՀԿ-ն մանդատների թվով ամենամեծ առաջընթացը գրանցած ուժն է: Եվ անկախ նրանից, թե ով ում հետ կոալիցիա կկազմի, այս ԱԺ-ում մենք կտեսնենք տարբեր քաղաքական ուժերի «չափավոր նեղացածության» դրսեւորումները, ինչը եւ բազմակարծության էֆեկտ կստեղծի ոչ միայն ՀՀ դժգոհ ընտրազանգվածի, այլ, որ առավել կարեւոր է` դրսի աշխարհի համար` դրանով իսկ ապահովելով Սերժ Սարգսյանի` դեպի նախագահական ընտրություններ կանաչ ու անխոչընդոտ ճանապարհը: Եվ եթե հիշում ենք, թե ինչպիսի ժառանգությամբ Սերժ Սարգսյանը 2008թ. ստանձնեց նախագահությունն ու ինչպես է հիմա գնալու նախագահության, չենք կարող չասել, որ Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, սխալվում է` կարծելով, որ շախմատն ու քաղաքականությունն իրար հետ կապ չունեն:
ՍԽԱԼՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ