Ոստիկանական համակարգի դիմակը պատռել խոստացող Չարբախի նախկին փոխոստիկանապետ Վարդան Ղուկասյանը՝ նույն ինքը՝ «Դոգը» երեկ ձերբակալվել է շորթում կատարելու կասկածանքով (ՀՀ ՔՕ 182-րդ հոդված):
Այս անձնավորությունը հայտնի է 2011-ի հոկտեմբերի 14-ից, երբ այդ շրջանում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատների հետ վիճաբանության ժամանակ պաշտպանում էր ՊՆ շահերը (դիտեք ստորև՝ տեսանյութում):
Ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցն օրեր առաջ Նախագահական նստավայրի առջև խոստացել էր ոստիկանական համակարգի բոլոր չարաշահումները հանել ջրի երես:
«Ոստիկանությունում ումից ինչքան փող են առել, ոնց են գործի ընդունել, ինչ են արել, ոնց են արել, ով ում հետ է քնում, ով է սեփական եղբոր աղջկա հետ պառկում-հելնում, այս ամենը կհրապարակվի: Ինձ հետապնդում են, և դա ունի զուտ անձնական բնույթ, որի հետևում կանգնած է Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ մարդ, ով, ըստ իմ անձնական կարծիքի, տականքի տականք է: Նրա նախաձեռնությունն է միմիայն: Նա ուզում է, որ այս սկավառակները հետ վերադարձնեմ: Սա իմ անձնական նախաձեռնությամբ ձեռք բերված փաստացի ապացույցներն են, անառակաբարո գործողություններն են իրենց: Իմ նյութերը շուտով կդառնան հանրության սեփականությունը, էլ ճար չկա: Ես, չգիտեմ ինչու, լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ, միանշանակ, ոչ մեկին ձեռնտու չէ, որ սկավառակների պարունակությունը դառնա հանրության սեփականությունը: Եթե շարունակեն ինձ սպառնալ, կխաղանք հայկական Վիկիլիքս, ուրիշ տարբերակ չկա»,- հայտարարել է «Դոգը»:
Իսկ 2013 թ. ապրիլի 28-ին վերջինս հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանի և նրա միջև Հյուսիսային պողոտայում տեղի էր ունեցել միջադեպ:
Ի դեպ, ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Վարդան Ղուկասյանը եղել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնականն ու խորհրդականը, ինչը պաշտոնապես հերքվել է:
Հարկ ենք համարում նշել, որ ամիսներ առաջ ձերբակալվել է ararum.am կայքի խմբագիր Հովհաննես Եսայանը՝ կրկին շորթում կատարելու կասկածանքով: Հիշեցնենք, որ վերջինս եղել է նաև nrnak.am կայքի խմբագիրը, որը ինչ-ինչ պատճառներով փակվեց մի քանի ամիս առաջ: Իսկ նշված լրատվական կայքերը կապվում են «Դոգի» անվան հետ, ինչը չի հերքել նաև Հովհաննես Եսայանը: Իսկ նախկին ոստիկանն օրեր առաջ հայտարարել է, թե Աշոտ Կարապետյանն արդեն մի քանի օր է՝ մարդ է ուղարկում Հովհաննես Եսայանի մոտ՝ նրան համոզելով, որ արի, ցուցմունք տուր Ղուկասյան Վարդանի դեմ՝ մենք քեզ կհանենք:
Տաթև Հարությունյան