ԵՏՄ-ն չի խանգարի Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը. Վարդան Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն Իրան բոլոր առումներով դրական ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, այս այցը հատկապես կարևոր էր էներգետիկ առումով:

«Առաջին հիմնական խնդիրը քո հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուց բացի, նաև տնտեսական փոխշահավետ համագործակցությունն է», – ընդգծեց նա:

Վ. Այվազյանն այն կարծիքին չէ, թե Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը կարող է վնասել հայ -իրանական հարաբերություններին:

«Բացարձակապես որևէ մեկի անդամակցությունը որևէ մեկին չի կարող խանգարել: Դա կարող է միայն լրացուցիչ հնարավորություններ ստեղծել: Մենք Իրանի նկատմամբ չունենք տնտեսական որևէ սահմանափակում, ուստի ոչինչ չի կարող բերել տնտեսական խանգարման», – ընդգծեց նա՝ բերելով Վրաստանի օրինակը, որը մտնում է Եվրոպական Միություն, բայց երկու երկրների հարաբերությունները շարունակվում են:

Նշենք, սակայն, որ վերջին շրջանում այնքան էլ չի հաջողվում լավացնել հայ-իրանական հարաբերությունները: Նվազել են առևտրային հարաբերությունները, արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը: Դեռևս չի հաջողվում ամբողջովին կարգավորել երկու երկրների միջև առկա հարաբերությունները: Թե ինչ կփոխվի Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցից հետո, ցույց կտա ժամանակը:




Լրահոս