Հայաստանում հեղափոխության վերաբերյալ հարցը դեսպանը համարեց քննական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ամփոփեց Հայաստանում իր գործունեության 4 տարիները: Նրա խոսքով` Հայաստանի և Ֆրանսիայի միջև այս տարիների ընթացքում բոլոր ոլորտներում համագործակցության դրական ցուցանիշներ են գրանցվել: Ծրագրերը, որոնք նախապես կազմվել էին, իրականացվել են, սակայն ընդլայնելու և բարելավվելու կարիք ունեն:

«Իմ քառամյա գործունեության ընթացքում ինձ բախտ է վիճակվել ներկա գտնվել Ֆրանսիայի ներկա և նախկին նախագահների այցելություններին Հայաստան: Մոտ օրերս Փարիզյան գագաթնաժողովի կազմակերպմանը նաև ես եմ մասնակցություն ունեցել»,- հայտնեց դեսպանը` հավելելով, որ դրական ցուցանիշներ են գրանցվել նաև կրթական և տնտեսական ոլորտներում:

Անդրադառնալով ֆրանսիական Կարֆուրի հաստատմանը Հայաստան` Անրի Ռենոն նկատեց, որ սա լավ հնարավորություն կտա Հայաստանին լավ նախադրյալների ստեղծմանը:

Դեսպանը խոսեց նաև Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը և նշեց, որ սա չի խանգարում ԵՄ-ի հետ համագործակցելուն:

«Նախագահն ինքն ասաց, որ Հայաստանը մնում է ԵՄ-ի համար ուժեղ գործընկեր: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո անգամ Հայաստանը չզլացավ ընդգծել այն հանգամանքը, որ նրա համար կարևոր է նաև ԵՄ-ին միանալը: Սա արտացոլվեց վիլնյուսյան գագաթնաժողովում արված հստակ հայտարարությամբ»,- ասաց դեսպանը:

Վերջինս, անդրադառնալով մայիսին Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև-Օլանդ հանդիպմանը, նշեց, որ այն նպատակ ունի նոր լիցք հաղորդելու բանակցային գործընթացին, որն ուղղված է ԼՂՀ հարցի լուծմանը:

Լրագրողի հարցին, թե Ֆրանսիան հեղափոխական երկիր է, և Հայաստանը վերջին շրջանում ևս գնում է դեպի դրան, մի՞թե հեղափոխությունն այդքան վատ բան է, դեսպանը պատասխանեց. «Բուհի ընդունելությանը համարժեք հարց տվեցիք: Եթե այսպես, թե այնպես հեղափոխական պայթյուններ են լինում, սա նշանակում է, որ ինչ-որ տեղ կարևոր բարեփոխումները չեն արվել: Եվ ես կարծում եմ, որ պետական այրերը պետք է ձեռնամուխ լինեն իրականացնել բարեփոխումներ, որպեսզի հնարավորինս խուսափեն հեղափոխական պայթյուններից: Այսպիսի մի ասացվածք կա` երջանիկ ժողովուրդները պատմություն չունեն, այսինքն` հեղափոխություն էլ իրենց պատմական տարերգրերում չունեն»:

Խոսելով Ֆրանսիայում քաղաքացիություն ստանալու ձևաչափերի մասին` դեսպանը նշեց, որ առավել հեշտ ձևը հայի և ֆրանսիացու ամուսնությունն է. այս դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավոր է քաղաքացիություն ստանալ: «Սա արդեն ոչ թե հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություն է, այլ` հայ-ֆրանսիական սեր»:




Լրահոս