ՀՀԿ-Ն ԿԿԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԼԻԹՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա կառավարության ճակատագիրը դեռ անհայտ է. ՀՀԿ-ականներն իրենք անգամ չգիտեն՝ Սերժ Սարգսյանը կգնա կոալիցիա կազմելու ճանապարհով, թե ոչ: Իսկ այս ուղղությամբ նրանց առաջիկա քայլերի մասին մեր բոլոր հարցերին ՀՀԿ-ականները պատասխանում էին, թե որոշողը Սերժ Սարգսյանն է, որն էլ ԼՂՀ-ից վերադարնալուց հետո կասի իր խոսքը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, պնդում են, որ արդեն իսկ որոշակի գործընթացներ են կան այս ուղղությամբ: Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը ցանկանում է ընդհանուր եզրեր գտնել մյուս բոլոր ուժերի հետ, ու եթե անգամ կոալիցիա չկազմեն, ապա պետք է առնվազն իշխանական կերակրատաշտից որոշ բաժին հանեն մյուսներին: Ըստ մեր աղբյուրների՝ որքան էլ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունենա ԱԺ-ում, Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատը, այնուամենայնիվ, ցանկանում է նախագահի ընտրությունների նախաշեմին հնարավորինս շատերին հաճոյանալ՝ դրա դիմաց կորզելով Ս. Սարգսյանին սատարելու խոստումներ: Օրինակ՝ նախարարի կամ փոխնախարարի որոշ պորտֆելներ կտան այս կամ այն կուսակցության ներկայացուցչին՝ դրանով հարցը համարելով լուծված:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատը սկսել է քննարկումների մեջ մտնել ոչ միայն ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի, այլեւ ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նույն աղբյուրները պնդում են, որ հնարավոր է՝ կոալիցիա ձեւավորվի ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն» ձեւաչափով: Իսկ ՀՅԴ-ն, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների գործոնը, գուցե չմիանա նրանց: «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե ծանոթ չէ նման քննարկումների: Նշենք նաեւ, որ «Ժառանգություն»-ն այսօր պատրաստվում է խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու իր առաջիկա քայլերը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այստեղ դեռեւս քննարկումներ են ընթանում: Երեկ ԲՀԿ համամասնական ընտրացուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Մարգարյանը եւս Վարդան Օսկանյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Հովհաննիսյանի նման դեմ է արտահայտվել կոալիցիա ձեւավորելուն՝ նշելով, որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է, իրենք չունեն որոշումների կայացման վրա ազդելու արդյունավետ լծակներ, հետեւաբար անիմաստ է իշխանության համար պատասխանատվության տակ ընկնել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ-ում լուրջ դիմադրություն կա կոալիցիա ձեւավորելու խնդրի շուրջ: Այս տեսակետի ջատագովները Ծառուկյանին փորձում են համոզել, որ նման քայլի գնալու դեպքում իրենք կվերածվեն ՕԵԿ-ի, քանի որ միեւնույն է, բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի որոշումների դեմ ազդեցության լծակներ չունեն, փոխարենը իրենց հերթին պատասխանատվության մասնաբաժին են ստանում, ինչն անցանկալի է:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց կոալիցիա ձեւավորելու մասին լուրերը: Նա ասաց, թե իրենք ցանկանում են գնալ համերաշխության ճանապարհով: «Բայց դեռ պետք է քննարկել, մտածել՝ որ սկզբունքների շուրջ ինչպես համագործակցել: Եւ հետո, քաղաքական ուժերն էլ իրենց ներսում քննարկումներ են անում, հայտարարություններով հանդես գալիս»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերի հետ քննարկումները պետք է ընթանան՝ նաեւ հաշվի առնելով դեռեւս գործող կոալիցիոն հուշագիրն ու Ս. Սարգսյանին հաջորդ ընտրություններում սատարելու մասին կոալիցիոն կուսակցությունների հայտարարությունները: Մեր հարցին՝ «Դուք ո՞ր տարբերակին եք կողմնակից՝ համագործակցություն  կոալիցիայի ձեւավորմա՞մբ, թե՞ առանց դրա, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ոչ թե կոալիցիա կամ որոշակի երեւույթներ, այլ խնդիրները միասնական պետք է լուծվեն: Ոչ թե դիմություն-ընդդիմություն հարթության մեջ, այլ ճիշտ է՝ միասնական լուծվի խնդիրը: Կարեւորը՝ դերակատարումը ճիշտ լինի»: Պարոն Սահակյանը նաեւ նշեց, թե հիմա իրենք այնպիսի դիրքերում են, որ ոչ թե պետք է առաջարկներ անեն, այլ իրենց գան, առաջարկեն: «Այնուամենայնիվ, կարծում եմ՝ քննարկումների արդյունքում որոշակի մոտեցումներ ու սկզբունքներ հնարավոր են քաղաքական դաշտում»,-ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե իրենք աննպատակահարմար են համարում կոալիցիա ձեւավորելը, պարոն Սահակյանը շեշտեց, թե կոալիցիա կազմվում է ոչ թե անհատների, այլ կուսակցությունների միջեւ: «Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ում էլ ամեն ինչ հարթ ձեւով լուծվելու է. տեսակետներ կան: Պարզապես մեզ մոտ կուսակցական կարգապահությունը շատ լուրջ է, եւ քննարկման այս փուլում մենք լսում ենք կուսակիցներին, այնուհետեւ կուսակցության համապատասխան մարմինները՝ խորհուրդը, ԳՄ-ն, իրենց որոշումը կկայացնեն: Չեմ կարծում, որ ճիշտ կլինի ժամանակից շուտ հայտարարություններ անելը»,-եզրափակեց Սահակյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս