Ստացվում է՝ խոշորներին հուշում ենք, որ քողարկեն. Ֆինանսների փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Սահմանամերձ համայքները հարկերից ազատելու մասին օրենքի նախագիծը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ որ համայնքների համար է գործելու այս օրենքը:

«Երբ ասում էինք` ոնց է ընտրվել գյուղերի ցանկը, ասում էիք` կառավարությունը կորոշի, ասում էինք` ինչի հիման վրա է, ասում էիք` կատարել ենք հետազոտություն: Այդ ո՞նց հասկանանք, հետազոտություն կատարել եք, գիտեք` որ գյուղերն են, թե չափորոշիչները նոր են որոշվելու», – հարցրեց նա:

Միրումյանը պատասխանեց, թե չափորոշիչներն ու համայնքների ցանկը դեռևս որոշված չէ, և առաջանահերթություն կտրվի այն բնակավայրերին, որոնք մշտապես թշնամու կրակոցների տակ են, սակայն հաշվի է առնվելու նաև սոցիալական վիճակը:  «Դրանք դեռ քննարկվելու են, ու կոնկրետ ուղղվածություն ու հաշվարկ առկա չէ այս պահին», – հավելեց նա:

«Փաստաթղթավորման հետ կապված չի կարող լինել մի իրավիճակ, երբ ամբողջութամբ ազատում ենք հարկերից մի տարածք, մյուս կողմից ստեղծում մի հարթակ, որտեղ  տնտեսվարող սուբյեկտները կարող են արհեստականորեն ձևավորել մանրածախ առևտրի օբյեկտներ ու քողարկել իրենց իրացման շրջանակները: Ստացվում է` մենք խոշորին հուշում, ասում ենք` առանց փաստաթղթերի կարող եք այս եղանակով քողարկել ձեր իրացման շրջանակները: Դրանք անհամադրելի են»,- հավելեց փոխնախարարը:




Լրահոս