ԿԱՐԱՈԿԵԻ ՏՆՕՐԵՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ ԵՆ ԿՐԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին՝  ժամը  22:30-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Քուլ» կարաոկե ակումբում վիճաբանություն է սկսվել, որին մասնակցել են կարաոկեի տնօրենն ու 7-8 անհայտ անձինք: Վեճն այնքան է թեժացել, որ վիճաբանողները կրակել են կարաոկեի տնօրենին պատկանող, ակումբի դիմաց կայանված «Մերսեդես Ե 500» մակնիշի ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի: Երեկ ակումբը չէր աշխատում, իսկ ոստիկանությունը դեպքի վայրում էր՝ պարզելու համար, թե որն է եղել միջադեպի պատճառը: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ կրակողները երիտասարդ տղաներ են, ոմանք՝ նաեւ ուսանողներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ ոմն Ալիկից  ոստիկանության Մաշտոցի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կարաոկե ակումբում վիճաբանություն է, եւ կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, հիշյալ ակումբում 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են տնօրենի հետ, ապա հրազենից կրակել վերջինիս պատկանող «Մերսեդես Ե 500» մակնիշի ավտոմեքենայի  վրա ու դիմել  փախուստի:
Կարաոկեն գտնվում է Երեւանի պետական համալսարանի կողքին, եւ հիմնական այցելուները համալսարանի ուսանողներն են: Երեկ՝ մեր այցելության ժամանակ, ոստիկանությունը, կարաոկեի բացօթյա հատվածում նստած, ինչ-որ մարդկանց էր սպասում: Մեզ հետ զրույցում ոստիկանները նշեցին, որ կարաոկեն ամբողջ օրը փակված է եղել եւ չի աշխատելու, մինչեւ հանգամանքները չպարզվեն: Բացի ոստիկանությունից՝ այնտեղ մի աղջիկ ու կին կային, որոնք չցանկացան ներկայանալ եւ պատասխանել մեր հարցերին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց տեղի բնակիչների հետ, որոնք վախեցած էին գիշերը տեղի ունեցածից, բայց խուսափում էին խոսել այդ մասին: Միայն մեզ հետ մասնավոր զրույցների ժամանակ պատմեցին, թե իրենց ինչ է հայտնի, իսկ ձայնագրիչի մոտ խուսափում էին խոսել` նշելով, որ չեն ցանկանում «ոստիկանների ձեռքն ընկնել»:
Միայն շրջակայքի բնակիչներից տիկին Լաուրան պատմեց, որ այդ կարաոկեի մոտ հաճախ կարելի է տեսնել «ռազբիրյատ» անող տղաների. «Դե մեր հայ ջահելներին չգիտե՞ք, որտեղ որ հավաքվում են, սկսում են մի բանի շուրջ կռվել, գիշերը չենք լսել՝ ինչ ա եղել, բայց գիտեմ, որ սաղ հարեւանությունս առավոտը դրա մասին էր խոսում, թե տեղյակ եք՝ գիշերվա կեսին իրար էին մորթում: Ինչքանով տեղյակ եմ, նախ բարձր ձայնով վիճաբանել են էդ ակումբի մոտ, անգամ ասում են` բարձր ձենով իրար են հայհոյել: Ճիշտն ասած` ես էլ ջահել էրեխեք ունեմ, շատ եմ վախենում ըտենց բաներից, իմ տղաներն էլ դուրսն են եղել էդ ժամին, անհանգստացա, զանգեցի իրանց, ասեցին, որ էդ հատվածում չեն, քաղաքի կենտրոնում են, մի քիչ հանգստացա, բայց կոնկրետ չգիտեմ, թե ինչի համար են կռվել իրար հետ»:
50-ամյա մի տղամարդ, որը ոչ մի կերպ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ինքը այդ կրակոցները լսել է, բայց չի համարձակվել դուրս գալ փողոց. «Ա՛յ աղջիկ ջան, ի՞նչ գործ ունեի՝ էդ ժամին դուրս գայի, մի քանի անգամ լսեցի էդ կրակոցները: Ինչքան գիտեմ, էս տղերքը դժգոհ են եղել կարաոկեի մատուցողներից, աշխատողներից, էդ 7 հոգին ըտեղ ինչ-որ բան են նշել, հետո էլ կանչել են մատուցողին ու ասել, թե էս ոնց ես սպասարկում, կանչում ենք, հազար ժամ հետո ես գալիս, գնա՛ տնօրենիդ կանչի: Էս տնօրենն էլ էկել ա, սրանք սկսել են լեզվակռիվ տալ, ասել են՝ արի՛ դուրսը խոսանք, հետո էլ զենքը հանել ու կրակել են: Ինչքան գիտեմ, հասցրել են փախնել, ու հլը դրանց չեն էլ բռնել»:
Մեր զրուցակիցները դժգոհեցին նաեւ այն փաստից, որ այդ կարաոկեն համալսարանի մոտ է տեղակայված, եւ հիմնականում վիճաբանությունները ծագում են ուսանողների միջեւ: «Ախր էսպես ո՞նց կլինի, մարդիկ սարսափով են ապրում, մենք էլ մեր էրեխեքին ռիսկ չենք անում տեղ թողնենք, հիմա ում մոտ ասես զենք կա,  կատաղում են ու հանում սկսում են կրակել աջ ու ձախ: Ստեղ էսքան բնակելի շենքեր կան, էրեխեք կան,  բա որ Աստված ոչ արասցե, էդ կրակոցներից մեկը մեկին կպներ, ու մարդ մեռներ: Բա ինչի՞ ոստիկանությունը մի բան չի անում, որ մարդկանց ջեբերը անխնա զենք չլինի, որ պահին ուզենան` հանեն կրակեն»,-վրդովված ասաց 57-ամյա Անահիտ Սեւյանը:
Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել եւ առգրավվել է 5 պարկուճ, 1 գնդակ: Հանգամանքները դեռեւս պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս