ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԽՐԱԽՈՒՍՎԵՑ

Սեպտեմբերի 25-ին, երբ մի խումբ առեւտրականներ՝ այդ թվում եւ «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցները, Կառավարության առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել «Շրջանառության հարկի դեմ», շուկայի սեփականատեր, «Վաղարշ եւ որդիներ» ընկերության տնօրեն Վաղարշ Աբրահամյանը, ըստ էության, հանցագործություն էր կատարել: Նա իր վարդագույն կոստյումով մտել էր շուկայի տարածք եւ ջարդուփշուր արել ոսկու այն սեղանիկները, որոնց տերերը մասնակցում էին ակցիային: «Ճիշտ եմ արել եւ էլի պետք ա շարունակեմ»,- ահա այսպես էր արձագանքել Վ. Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Դուք հրահանգել եք շուկայի աշխատակիցներին՝ չմասնակցեն ակցիային: Երեկ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Վաղարշ Աբրահամյանի գործողություններում հանցակազմ չկա: Սա նշանակում է, որ պաշտոնապես հաստատվեց այն իրողությունը, որ մեր երկրում գործում է փաստացի ստրկատիրական համակարգի օրենքները. մարդիկ ինքնուրույն հանրահավաքների մասնակցելու իրավունք չունեն, իսկ նրանց տերը, երբ կոտրում է իրենց աշխատանքային սեղանիկները, «ճիշտ է»: Կարծում ենք, որ այսքանից հետո թերեւս պետք է փակել ՀՀ-ում գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, քննչական կոմիտեն եւ ԱԱԾ-ն: Քանի որ իրավապահ մարմիններն ի զորու չեն «անասնանման կենդանու» որակմանն արժանացած Վաղարշի գործողություններին իրավական գնահատական տալու:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի երեք անդամներից մեկը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը: Վերջինս համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից եւ փոխնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց մեկ ամիս անց` այս տարվա հունիսի 4-ին: Ի դեպ, Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում կունենա երեք անդամ, նրանք, սակայն, կունենան մեկ ձայնի իրավունք: Հայաստանի ներկայացուցիչները ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի լիարժեք անդամ կդառնան 2016 թվականի փետրվարի 1-ից:

 

 
Վերջին շրջանում ՀՀ բոլոր պետական հիմնարկների աշխատակիցների շրջանում անկումային տրամադրություններ են տիրում: Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացնելուց հետո պետական հիմնարկների աշխատակիցները տեղեկացել են, որ նախկին պարգեւավճարներն այլեւս չեն ստանա: Այսինքն՝ չնայած աշխատավարձերը բարձրացել են, բայց պարգեւավճարներից զրկվելու արդյունքում պետծառայողների տարեկան եկամուտը չի ավելացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետծառայողների կողմից պարգեւավճարների վերաբերյալ իրենց ղեկավարներին ուղղված հարցերին վերջիններս պատասխանում են, որ պետբյուջեն դատարկ է, գումար չկա, եւ ոչինչ չեն կարող անել: Իհարկե, պետբյուջեի վատ վիճակից տուժում են միայն ծառայողները, քանի որ ղեկավար կազմը շարունակում է շռայլ վատնել պետական փողերը: Ասենք, օրինակ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. նա արտերկիր մեկնում է բացառապես բիզնես դասի տոմսով:

 

 
Երբ այս տարվա մայիսի 21-ին Հրազդան կիրճում «Երեւան ՀԷԿ»-ի հարեւանությամբ սողանքի պատճառող ճանապարհը փլուզվեց, մոտ մեկ ամիս անց այդ տարածքում շինարարական աշխատանքներ սկսվեցին: Կարելի էր կարծել, որ Երեւանի քաղաքապետարանում սովորել են խնդիրներն արագ լուծել: Բայց պարզվում է, որ այս դեպքում էլ գործ ունենք պարզ ապօրինության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ շինարարական աշխատանքները, ինչպես միշտ, իրականացրել է «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը, բայց «նիսիայով»: Ճանապարհի վերականգնումն ավարտվել է օգոստոսի 31-ին, իսկ այդ աշխատանքների կատարման մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 8-ին էլ «Սահակյանշինի» հետ պայմանագիր է կնքվել, որի արժեքը կազմել է մոտ 92 միլիոն դրամ: Վաղուց ավարտված աշխատանքները, ըստ պայմանագրի, նոյեմբերի 15-ին նոր միայն պետք է ավարտվեն: Իսկ թե որքանով է արդարացված 50 մետր ճանապարհի վերականգման համար 92 միլիոն դրամ կամ նույն է թե՝ 225 հազար դոլար ծախսելը, մնում է կռահել:

 

 
ԱՆՈՂՈՔՆԵՐԻ ՁԵՌԱՄԲ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից վեց օր անց «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ամրագրում է իր բացասական դիրքորոշումն անդամակցության շուրջ: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Անդամակցելով ԵՏՄ-ին` անկախության 23-րդ տարում ՀՀ անունից գործող իշխանություններն արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը` սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը` կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը»: Ապա ներկայացվում է անդամակցության դեպքում ՀՀ-ԼՂՀ ազատ հաղորդակցությանը սպառնացող վտանգը, նշվում է, որ այս անդամակցությունը ոչ միայն սխալ է, այլեւ հակասահմանադրական, եւ, որ ամենակարեւորն է, այն որւէ կերպ չի ապահովում Հայաստանի անվտանգությունը: Հայտարարության վերջում եւս մեկ անգամ ընդգծվում է, որ. «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եղել եւ դեմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին»:
Ինչ խոսք, միանգամայն համամիտ լինելով հայտարարության յուրաքանչյուր բառին եւ մտքին, չենք կարող, սակայն, չհարցնել.իսկ անցած մեկ տարվա ընթացքում ի՞նչ արեց կոնկրետ «Հանրապետություն» կուսակցությունը` Հայաստանի իշխանությունների` իրենց իսկ բնորոշմամբ «սխալ եւ հակասահմանադրական» այդ քայլը կանխելու ուղղությամբ: Ինչպես հիշում ենք՝ անցած սեպտեմբերի 3-ից հետո նույն Արամ Սարգսյանը թե՛ կուսակցության եւ թե՛ անձամբ իր անունից հայտարարեց, թե այսուհետ իրենք «անողոք պայքար են սկսելու» դեպի Մաքսային միություն ձգտող այս իշխանությունների դեմ: «Անողոք պայքար եմ մղելու», «անողոք ընդդիմություն եմ լինելու», այս խոստումները հնչեցրած «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, սակայն, այդպես էլ որեւէ լուրջ քայլ չկատարեց եւ անցած մեկ տարվա ընթացքում, բացի հատուկենտ հարցազրույցներից, ըստ էության, բավականին ողոք իներտություն պահպանեց:
Թե ինչու, ո՞ր աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային գործոնները հաշվի առնելով՝ «անողոք պայքար» խոստացած գործիչը մի ամբողջ տարի լռեց եւ որեւէ ռեալ նախաձեռնությամբ հանդես չեկավ, այս հարցի պատասխանը միանգամայն պարզ է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի՝ ընդդիմադիր գործունեությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար: Ուստի Վաշինգտոնում հերթական «գալոչկան» ստանալու համար արված այս հայտարարության հեղինակը Հայաստանը դեպի անցյալ նետած ՀՀ իշխանություններին քննադատելուց առաջ հարկ է, որ ինքն իրեն էլ հարց տա. արդյո՞ք ինքն ու իր նման «անողոք պայքարիստները» չեն նաեւ մեղավոր, որ Սերժ Սարգսյանը կարողացավ միանգամայն անպատիժ ձեւով, իր իսկ խոստովանությամբ՝ «մեկ գիշերում», վճռել Հայաստանի Հանրապետության ճակատագիրն ու որեւէ հակազդեցության չարժանանալ:

 




Լրահոս