ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՏՂԱ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հանկարծամահ է եղել ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու համար: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Երեկ ՊՆ քննչական ծառայության hասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հաղորդեցին, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան՝ ժամը 7:10-ի սահմաններում: Ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելիս, զինվորն ուշագնաց է եղել: 10 րոպե անց Գոռին տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է:
«Ժողովուրդ»-ը խոսեց զոհված զինծառայողի ազգական Վարդան Մելիքյանի հետ, որը տեղեկացրեց, որ Գոռ Մարտիրոսյանը առողջական խնդիր բացարձակ չի ունեցել. «Ես նույնիսկ իր ծառայակից ընկերների հետ եմ խոսել: Նրանք ասում են, որ ոչ մի տեսակի բողոք, դժգոհություն չի ունեցել: Այդ իրիկուն հեռախոսով խոսել ենք իր հետ, գանգատներ չուներ, լավ էր զգում իրեն»:
Ինչպես տեղեկացրել էինք, Գոռը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղից էր: Զրուցեցինք նաեւ Դդմաշենի դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանի հետ՝ հետաքրքրվելով՝ հիշում է նա, որ Գոռը 8-րդ դասարանում ուշաթափվել է (այդ մասին մեզ հայտնել էին գյուղացիները) եւ մշտապես սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: «Չեմ հիշում՝ 8-ում էր, թե 10-ում, բայց նման բան եղել է: Դա միգուցե տարիքային առանձնահատկության հետ է կապված եղել: Մայրը ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր, այդ ժամանակ նա ներկա էր: Բայց ասեմ, որ իր մոտ ընդգծված հիվանդություն չի նկատվել: Դպրոցական տարիների ընթացքում տարել է նույն հիվանդությունները, ինչ մյուս երեխաները»:
Դպրոցի տնօրենը պատմեց, որ Գոռը դպրոցում գերազանց է սովորել: «Անբասիր վարքի տեր երեխա էր: Իր ուսանելու տարիներին թեթեւսոլիկություն չեմ նկատել, որ հատուկ է այդ տարիքի տղաներին: Ծանրակշիռ եւ հավասարակշռված երեխա էր: Խելացի տղա էր: Դպրոցից հետո իր ուսումը շարունակեց Գավառի պետական համալսարանի բնապահպանության ֆակուլտետում»:
Նշենք, որ դատաբժշկի եզրակացությունը դեռ տրված չէ: Փաստաթուղթը տրամադրելուց հետո նոր հասկանալի կլինի՝ զինվորին հիվանդ են զորակոչել բանակ, թե նա բանակում է հիվանդացել:
Գոռ Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս