ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ԿՌԻՎԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գրած հրաժարականի դիմումը երեկ ընդունվեց: Ու դրան հետեւեց կատաղի մրցավազքը նրա զբաղեցրած պաշտոնի համար: Երեկվա դրությամբ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ դեռ որոշված չէ, թե ով է լնելու փոխվարչապետը: Միայն հայտնի է, որ պաշտոնը կտրոհվի: Այսինքն՝ փոխվարչապետը կլինի այլ մարդ, ՏԿ նախարարը՝ այլ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա օգնական, ապա նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար աշխատած Արմեն Գեւորգյանը, չնայած երիտասարդ տարիքին, համարվում էր պրոֆեսիոնալ գործիչ եւ հմուտ պաշտոնյա: Հետեւաբար առաջին հերթին առաջանում է բնական մի հարց. ինչո՞ւ նա հրաժարվեց այդ «յուղոտ» պաշտոնից:
Այս հարցին միանշանակ պատասխան չկա, որովհետեւ իրական պատճառների մասին որեւէ մեկը ոչինչ չի խոսում: Նախ՝ որովհետեւ խեցգետնի սուլոցներին զուգահեռ խոսող Ա. Գեւորգյանն ընդամենը բավարարվեց գրավոր հարցազրույց տալով «168 ժամ»-ին, որտեղ ներկայացրել է, թե. «Իմ հրաժարականը պայմանավորված է բացառապես անձնական դրդապատճառներով եւ ապագայիս հետ կապված իմ մտադրություններով…Կարծում եմ՝ ժամանակն է, որ պետական համակարգում 18 տարվա անընդմեջ աշխատանքն ընդմիջվի եւ դրսեւորվի մեկ այլ՝ ոչ պետական ոլորտում: Միշտ գիտակցել եմ, որ պետական աշխատանքը հավերժ չէ: Քաղաքական որեւէ գործընթացում իմ մասնակցությունը չեմ պատկերացնում: Ինձ համար ակնհայտ է, որ կցանկանայի զբաղվել շատ կոնկրետ եւ ստեղծագործական աշխատանքով ու նախագծերով եւ՝ Հայաստանում: Ավելի շատ ժամանակ կտրամադրեմ նաեւ ընտանիքիս եւ երեխաներիս դաստիարակությանը: Մտադիր եմ շատ ժամանակ հատկացնել ինքնակրթությանս, նաեւ գեղարվեստական գրականություն կարդալու մեծ ցանկություն ունեմ»:
Մինչդեռ իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, որ Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է գրել 2 պատճառով. նախ որ հրաժարվել է Սուրիկ Խաչատրյանին ուղեկցել Սյունիքի մարզ՝ դարձյալ ներկայացնելու մարզպետի պաշտոնում, ինչն էլ առաջացրել է լարվածություն վարչապետի եւ իր միջեւ: Եւ երկրորդ, որն առավել հավանական է թվում, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթներում հաղթել են մշտապես Գեւորգյանի կամ նրա թիմակիցների կողմից ձեւավորված հասարակական կազմակերպությունները: Այսինքն՝ գումարներն ուղղորդված են ծախսվել, ինչը բացահայտվելուց հետո փոխվարչապետը ստիպված է եղել դիմում գրել ու հեռանալ: Ի դեպ, լուրեր կան նաեւ, որ ՀՀ ՏԿ փոխնախարար Վաչե Տերտերյանը եւս շուտով կլքի պաշտոնը, քանի որ ֆինանսական չարաշահումների մեջ նաեւ նրա անունն է շրջանառվում, սակայն Տերտերյանը հերքել է լուրերը:
Ինչեւէ, փաստ է, որ այսօր թափուր է ՀՀ ՏԿ նախարարի, փոխվարչապետի աթոռը: Եւ այս օրերին բազում իշխանական գործիչներ ջանք ու եռանդ չեն խնայում՝ հրապարակելու իրենց անունը՝ որպես հավանական փոխվարչապետ: Բացի այդ, Սերժ Սարգսյանի հետ մտերիմ մարդիկ սկսել են իրենց համար ցանկալի թեկնածուների համար լոբբինգ իրականացնել:
Օրինակ՝ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները լուրեր են տարածում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է, որ ՀՀ փոխվարչապետ դառնա ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ տարածքային կառավարման նախարար նշանակվի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Այս նշանակումն անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումների սպասվող հանրաքվեի կազմակերպման եւ կառավարության վերնախավը Ս. Սարգսյանի հավատարիմներով հագեցնելու համար:
Սակայն տեղեկություններ կան, որ Բեգլարյանի դեմ աշխատում են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ համարելով, որ Բեգլարյանն այն ֆիգուրը չէ, որ պետք է ՏԿ նախարար աշխատի: Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հունիսի 22-ին ասել էր, թե. «Ես կարծում եմ, որ շատ նախարարներ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք մեր երկրի համար խայտառակություն են»:
Իսկ այլ շրջանակներում խոսվում է, որ ՀՀ ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի վրա է դրվելու փոխվարչապետի լիազորությունը, որպեսզի նա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հակակշիռ լինի կառավարությունում:
Թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը, դժվար է միանշանակ կանխատեսել, քանի որ նա սովորություն ունի մինչեւ վերջին պահը գաղտնի պահել իր կողմից ստորագրվելիք որոշման մասին: Ընդ որում, նա այդ գաղտնիությունը պահանջում է նաեւ նշանակվող պաշտոնյայից: Դրա համար էլ հաճախ շատ պաշտոնյաներ հերքում են, որ իրենք շուտով անցնելու են նոր աշխատանքի, սակայն շատ չանցած՝ հերքվում է իրենց հերքածը:
Հ.Գ. ՀՀԿ ԳՄ երեկվա գիշերային նիստում փոխվարչապետի կամ ՏԿ նախարարի հարցն, ըստ պաշտոնական տեղեկության, չի քննարկվել:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱԳԱՂԹՆ ԱՃՈՒՄ Է
Այս տարվա առաջին ինն ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնել եւ Հայաստան չի վերադարձել 51 հազար 954 մարդ: Մասնավորապես, երկու օդանավակայաններից արտերկիր են մեկնել ընդհանուր 825 հազար 971 մարդ, իսկ վերադարձել են 774 հազար 17-ը: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում վերը նշված օդանավակայաններից մեկնել է 665 հազար 809 մարդ, իսկ վերադարձել` 622 հազար 585-ը, այսինքն՝ չվերադարձածների թիվը կամ նույնն է թե՝ բացասական տարբերությունը, կազմել է 43 հազար 224: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ անցած տարվա համեմատ այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանից մեկնած եւ չվերադարձած մարդկանց թիվն աճել է ավելի քան 20 տոկոսով: Իհարկե, ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, կասեն, որ գնացած չեկածների այս թիվը դեռ չի նշանակում, որ այդքան մարդ արտագաղթել է, քանի որ մինչեւ տարեվերջ նրանց մի մասը դեռ կվերադառնա: Սակայն իրականում այդ թիվը դեռ կշարունակի աճել, իսկ ՀՀ ղեկավարությունն էլ կշարունակի արտագաղթի գոյությունը հերքել:

 

ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս 2013թ. ԼՂՀ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունից պարզվել է, որ Արցախում կա 15 մետաղական եւ 51 ոչ մետաղական հանքավայր, որոնցից 48-ը շահագործման լիցենզիա ունեն: Ավելին՝ մետաղականներից 13-ն ուսումնասիրվում էր, երկուսը՝ շահագործվում: Դրանք էին «Վալեքս» խմբի անդամ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Դրմբոնի հանքավայրը եւ «Գոլդ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Քաշաթաղի շրջանի Թոնդիրգետի ոսկու հանքավայրը: 2012-ին շահագործման լիցենզիա ստացած «Գոլդ Սթար» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ 2014թ օգոստոսին ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հակոբյանը Չինաստանից ՀՀ է ներմուծել ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամանակում չի ներկայացրել մաքսային մարմին եւ արդյունքում տուգանվել է:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԽՈՍԻ
Երեկ Աժ-ում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է խորհրդարանի առաջիկա` հոկտեմբերի 20-ից 23-ին կայանալիք քառօրյայի ընթացքում այդ երեք խմբակցությունների միասնական մարտավարությունը։ «Քննարկել ենք նաեւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր։ Եռյակն առաջ է գնալու սառը, կշռադատված, սթափ քայլերով, որեւէ պրովոկացիայի եւ սադրանքի չի ենթարկվելու։ Հաջորդ հանրահավաքում, կարծում եմ, առանցքայինը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը, եւ շատ հարցերի պատասխաններ դուք կստանաք»,-հանդիպումից հետո ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանը:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի՝ 2014թ. կրթական պարգեւների արժանացած ուսանողներին եւ աշակերտներին: Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 26 ուսանող 5 բուհից եւ 16 աշակերտ 8 ավագ դպրոցից: «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակի կապակցությամբ «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանը եւս արժանացել է ՀՀ Նախագահի կրթական պարգեւին:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարությունում ընդունել է Երեւանի տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչներին: Նա անհատական կարգով լսել է նրանց խնդիրները, իսկ իրացման գոտիները կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ: Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:

 

ԽՈՍՏԱՑԵԼ Է
Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով «սեւ ցուցակում» հայտնված 30 հազար հայաստանցիներից միայն 300-ին է ներում շնորհվել: Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն այս հարցը բարձրացրել է Երեւանում գտնվող Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ հանդիպման ժամանակ։ Ռուս պաշտոնյան խոստացել է աջակցել։

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
Եվրամիության շարունակական աջակցությունը կարեւոր է Հայաստանում ընթացող բարեփոխումների համար: Այդ մասին երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ: Զրուցակիցներն անդրադարձել են Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի եւ Նյուպորտի գագաթնաժողովների, ամռանը Հայաստանի հետ սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել հայ մամուլի օրվա առթիվ. «Հայ մամուլն սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ: Մամուլի եւ խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից եւ ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել եւ շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում»,- ասված է ուղերձում:

 




Լրահոս