ԱՅԺՄ ԱՅՆ ԿՈՉՎՈՒՄ Է ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների ներանձնային եւ գերատեսչական բախումների հնարավորությանն, ասաց, թե պրոֆեսիոնալները չեն գնում ներանձնային բախումների, իսկ առողջ մրցակցությունը միշտ ողջունելի է: «Ինչո՞ւ չէ, թող մրցակցեն, ով շուտ կբացահայտի հանցագործությունը, չի՞ շահելու գործը, շահելո՛ւ է»,-ասաց Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ը Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե հանցագործությունների բացահայտման վրա ինչպե՞ս կազդի քննչական գործառույթը ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտե հանձնելու քայլը:
-Կանխագուշակում չեմ անի, ուղղակի աշխատանքի կազմակերպման նորույթ է, բայց չեմ կարծում, որ օպերլիազոր-քննիչ օղակը, որը բազմամյա փորձ ունի, աշխատող օղակն է, եւ այս առումով արդյունավետությունը կբարձրանա: Սպասվում են օրենսդրական փոփոխություններ քրեական դատավարության օրենսգրքում, հետագայում՝ դրանից բխող մի շարք օրենքներում եւ ենթաօրենսդրական ակտերում: Պետք է կարողանանք գերատեսչական նորմատիվ իրավական բազան բերել այն վիճակի, որ աշխատանքն ավելի նորմալ տարվի: Հանցագործությունների աճը երբեւէ չի կարելի պայմանավորել այն հանգամանքով, որ քննչականն առանձնացավ, որովհետեւ ունենք մեկ պետական վիճակագրություն, որտեղ արձանագրվում են բոլոր դեպքերը: Ոստիկանության որդեգրած նոր քաղաքականության արդյունքում հանցագործության դեպքերը հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկան վերացել է եւ գրեթե հասել զրոյի: Այ, օրինակ՝ վերջին տարիներին նկատվում է հանցագործությունների աճի նվազման միտում: Եթե նախորդ տարի 15 տոկոսով է եղել աճը, ապա այս տարի երկու ամբողջ երկու տասնորդական: Այսինքն՝ աճի միտումը նվազում է:
-Ոստիկանության օպերատիվ հետախուզական ծառայության եւ քննչական կոմիտեի քննիչների աշխատանքների ընթացքում բացառո՞ւմ եք ներանձնային կոնֆլիկտները:
-Նորմալ մասնագիտական լուրջ գիտելիքներ ունեցող մարդիկ՝ պրոֆեսիոնալները, նման դեպքերում չեն գնում ներանձնային բախումների, իսկ առողջ մրցակցությունը միշտ ողջունելի է: Ինչո՞ւ չէ, թող մրցակցեն, թե ով շուտ կբացահայտի հանցագործությունը, չի շահելո՞ւ գործը, շահելո՛ւ է, իսկ ներանձնային այդ բախումը ճղճիմ հոգեբանություն ունեցող մարդկանց դատողության մտքի թռիչքի արգասիքը կարող է միայն լինել: Մեզ մոտ նման բաներ չկան, մեզ մոտ ողջունվում է առողջ մրցակցությունը:
-Ըստ Ձեզ, նոր համազգեստի միջի ոստիկանը հին համազգեստի միջի ոստիկա՞նն է, թե՞ նոր համազգեստը փոխել է նրան:
-Կարծում եմ՝ ամեն ինչի փոփոխությունը ինքներդ էլ եք զգում: Արդյո՞ք սա 10-15 տարվա ոստիկանություն է, եւ դուք ինքներդ էլ եք հասկանում՝ որպես հասարակության ներկայացուցիչ: Իմ համազգեստը հին նմուշի համազգեստ է, որը կրում եմ մեծ պատվով, բայց նոր համազգեստը կկրեմ ավելի մեծ արժանապատվությամբ: Հասունացել էր պահը, որ նոր համազգեստը լինի: Ոստիկանապետի ցուցումն էր, որ մեր կրտսեր աշխատակիցներն առաջինը հագնեն եւ մեր ազգաբնակչությանը տեսանելի լինեն:
-Այսինքն՝ հին ոստիկանը մնացել է հին համազգեստի մեջ, նոր համազգեստի ոստիկանը այլ ոստիկան է՞ եւ այլ հոգի՞ ունի:
-Չեմ ուզում անընդհատ կրկնել, ինքներդ լսել եք ոստիկանապետի խոսքերը. «Նոր ոստիկան, նոր համազգեստ»:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Հոկտեմբերի 13-ին «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ սպանված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Էսֆանդիար Կայհանի գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդ տեղեկությունների՝ նշված օրը Էսֆանդիար Կայհանին հյուրանոցի տարածքում մենակ չի եղել, նրան ուղեկցել է եւս մեկ անձ, որը, ամենայն հավանականությամբ, նույնպես Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է եղել: Ըստ շրջանառվող լուրերի՝ իրանցիները, որոնք եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, հայ տղաներից գումար են պահանջել, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ հայ տղաները նրանց կոպտեն: Ավելի ուշ, երբ վեճը թեժացել է, իրանցին հայհոյել է, արդյունքում վեճը վերածվել է կռվի, որի հետեւանքով էլ Էսֆանդիար Կայհանին սպանվել է: Իսկ նրա հետ եղած անձը դիմել է փախուստի:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ՄՈՒՍԱԼԵՌ ԳՅՈՒՂՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ գյուղի բնակիչներ Արսենը, Տիգրանը, Կարոն եւ Միշիկը ծեծի են ենթարկել 28-ամյա Գարիկին: Տղաների վեճին խառնվել են գյուղի բնակիչները, սակայն հավաքվածները ոչ մի կերպ չեն կարողացել հանգստացնել նրանց: Ըստ ականատեսների, Գարիկն ամեն կերպ փորձել է դուրս պրծնել եւ փախչել, սակայն նրան չի հաջողվել: Նրա վրա հարձակված տղաներից ինչ-որ մեկը միշտ բռնել է նրան, իսկ մյուսները դաժան ծեծի են ենթարկել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին այս տեղեկությունը` ավելացնելով, որ կատարվում է քննություն:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ, քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձել հոկտեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Փարիզում նախատեսված հանդիպմանը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ այլեւս պաշտոնապես հաստատվեց, որ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումն, այնուամենայնիվ, կկայանա: Հիշեցնենք, որ նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ Ֆրանսուա Օլանդը հանդես էր եկել այս տարվա մայիսին Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի ժամանակ:
ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում սեպտեմբերի 8-ին ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբի ժամապահ ժամկետային զինծառայող շարքային Սամվել Հարությունյանը: Քրեական գործ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր զինծառայող Վ. Դավթյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու համար: Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Armlur.am-ին հայտնի է դարձել, որ սույն գործով ծառայողական քննությունն ավարտվել է, եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նկատողություն են ստացել երեք զինծառայողներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնել է, որ որոշում է կայացվել, որի համաձայն՝ զորամիավորման հրամանատարությունը, զորամասի հրամանատար գնդապետ Գասպարյանն ու հրամանատարի երկու տեղակալները ստացել են տարբեր կարգի գրավոր նկատողություններ: Դիվիզիոնի հրամկազմի՝ թվով 4 սպա, ազատվել է պաշտոնից:
ԽԱԲԵԼ Է
Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում է, որ քաղաքացի Լեւոն Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Լեւոն Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը սպառնալիքի, խաբելու եւ համոզելու միջոցով իրենից կորզել է եղբորը մեղադրող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:
ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Տ. Երանոսյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սեւան» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Տ. Երանոսյանը, ցանկանալով մասնակցել ՌԴ-ում գտնվող դստեր՝ 2014 թվականի նոյեմբերին կայանալիք պսակադրության արարողությանը, իրենից արտաքնապես չտարբերվող երկվորյակ եղբոր օժանդակությամբ փորձել է փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից: Սակայն Տ. Երանոսյանը չի հասցրել հատել ՔԿՀ-ի մուտքի պահակակետը եւ դուրս գալ ՔԿՀ-ի տարածքից, քանի որ բռնվել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ. Երանոսյանին 2014 թվականի հոկտեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով: