ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՉ ՕՐԻՆԱՉԱՓ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված այս փաստաթուղթը պատմում է 2008թ. մարտի սկզբին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Հայաստանում իրականացրած միջնորդական առաքելության մասին: Մարտի 1-2-ի աղետալի իրադարձություններից հետո օտարերկրյա դիվանագետը հանդիպումներ է ունեցել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ որոնելու ակնկալիքով: Ստորեւ կանդրադառնանք Բրայզայի՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումներին: Հատկանշական է, որ Սարգսյանն ավելի շատ ներկայացել է փոխզիջումային դիրքերից՝ շեշտելով, որ Քոչարյանը միգուցե եւ ավելի կոշտ է վարվել, քան հարկավոր էր: Ուշագրավ են նաեւ ամերիկացի դիվանագետի որակումներն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին:

Փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն է, ով ի սկզբանե նկատում է, որ իրենց համար այդ օրերին ամենակարեւոր զրուցակիցը եղել է Սերժ Սարգսյանը: Մ. Բրայզան իր գոհունակությունն է արտահայտել Սարգսյանի այն հայտարարությունից, որով կոչ էր արվում քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության հետ` վերջ դնելու համար «ամեն ինչ կամ ոչինչ» քաղաքական բանաձեւին: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի իրադարձությունները դիտարկել է որպես ժողովրդավարություն կառուցելու օրինաչափ գործընթացի մի օղակ: Նրա համոզմամբ՝ երկրում արտակարգ դրությունը սահմանված ժամկետից ավելի վաղ չի կարելի վերացնել, քանզի դա կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել: Ս. Սարգսյանի կարծիքով ժողովրդավարության իրացումն ու վերափոխումների անցկացումը պետք է տեղի ունենան հասարակական կարգի պահպանության պայմաններում: Ավելին՝ Սարգսյանը հռետորական հարց է հնչեցրել, թե՝ «Ո՞վ է պատասխանատու լինելու հայության անվտանգության համար, եթե արտակարգ դրությունը վերացվի. ԱՄՆ պետդեպարտամենտը՞, թե՞ Եվրոպական միությունը»:
Սարգսյանը խնդրել է միջազգային հանրության աջակցությունն ու ըմբռնումը իշխանությունների գործողությունների նկատմամբ: Նրա կարծիքով արտակարգ դրությունն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի սառեցման շրջանը՝ նվազեցնելով լարվածությունն ու մարդկանց զայրույթը:
Ամերիկացի դիվանագետը բարձրաձայնել է նաեւ մարդկանց հանիրավի ձերբակալությունների ու ապօրինի կալանավորումների մասին, երբ քաղաքացիներին անգամ թույլ չեն տվել հաղորդակցվել իրենց ընտանիքի ու իրավաբանների հետ: Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է նման հավանականությունը՝ նկատելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է ՀՀ նախագահ եղած ժամանակ նման գործողություններ հրահանգելու պրակտիկայով աչքի ընկել, մինչդեռ իրենք նման բաներով չեն զբաղվում: Սերժ Սարգսյանը փաստորեն օտարերկրյա դիվանագետի առաջ ընդունել է, որ Տեր-Պետրոյսանի իշխանությունը հանցավոր է եղել, իսկ ինքը եւս, լինելով այդ իշխանությունում ԱԱԾ եւ ՆԳՆ նախարար, ներգրավված է եղել այդ ամենում:
Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ Սերժ Սարգսյանն ու Մ.Բրայզան համաձայնել են, որ Ռ.Քոչարյանն ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել Տեր-Պետրոսյանի ու հանրահավաքի մասնակիցների հանդեպ: Ըստ էության, Սարգսյանն արտահայտել է իր անհամաձայնությունը Քոչարյանի գործողությունների հանդեպ: Հատկանշական է, որ դիվանագիտական զրույցներում «բարի» կերպարում հանդես գալով հանդերձ՝ Սարգսյանը հաջողությամբ օգտվել է Քոչարյանի «բիրտ» գործողությունների հարուցած արդյունքներից: Ավելին՝ իրավիճակի պատասխանատվությունը բարդելով Քոչարյանի վրա՝ Սարգսյանը փորձել է ցույց տալ, թե իր ու Քոչարյանի միջեւ առկա են անհաղթահարելի տարաձայնություններ:
Ապա անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր բանակցությունների թեմային՝ Սարգսյանը նկատել է, թե չի կարող բանակցել իրեն «մոնղոլ-թաթար» ու «դավաճան» որակող գործչի հետ:
Ներկայացնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մանրամասները՝ հեղինակը փոխանցում է առաջին նախագահի խոսքը, ըստ որի ինքն ու իր կողմնակիցները ոչ մի օրենք չեն խախտել: Ավելին՝ մարտի մեկի երեկոյան տեղի ունեցածի համար ընդդիմությունը չի կարող պատասխանատվություն կրել, քանզի ինքը՝ Տեր-Պետրոսյանը, եղել է տնային կալանքի տակ, իսկ մյուս առաջնորդներն էլ ձերբակալվել են կամ էլ հայտնվել ընդհատակում: Բրայզան կոչ է արել ուղղակի բանակցություններ անցկացնել Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ, ինչին Տեր-Պետրոսյանը դրական է արձագանքել` հայտնելով իր պատրաստակամությունը, եթե իշխանություններն ազատ հանրահավաքների թույլտվություն տան ընդդիմությանը:
Փաստաթղթում Փենինգտոնը հավելում է, որ Բրայզան հանդիպել է նաեւ Արթուր Բաղդասարյանի հետ, ով սատարել է Քոչարյանի ու Սարգսյանի գործողությունները՝ մեղադրելով միայն Տեր-Պետրոսյանին: Հատկանշական է, որ դիվանագետը Բաղդասարյանի մասին խոսում է նկատելի ծաղրանքով՝ նրան անվանելով «թռչկոտող մարդ»: ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարը նկատում է, որ Ա. Բաղդասարյանը հայտնի է իր նշանաբանով՝ «ես հիմա իշխանություն եմ, ես հիմա ընդդիմություն եմ», «ով այժմ պաշտպանում է Սարգսյանին ու Քոչարյանին, թեպետ մեկ շաբաթ առաջ քննադատում էր նրանց ռեժիմը, իսկ իր կողմնակից Բիշարյանն էլ ելույթ էր ունենում Տեր-Պետրոսյանի հանրահավքում»: Այս փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ Բաղդասարյանի՝ 2008թ. պահվածքը բացասական տրամադրություններ էր առաջացրել ոչ միայն նրա ընտրողների մոտ, այլեւ օտարերկրյա դիվանագետների շրջանում, ովքեր նկատելի ծաղրանքով ու սարկազմով են արտահայտվում այս գործչի մասին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ԳՅՈՒՂԸ ՓԱՐԻԶ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՐՁՆԵԼ

ՀՀ Արարատի մարզի Դալար համայնքում հոկտեմբերի 19-ին տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: Գրանցված թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող ՀՀԿ-ական գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Գրիգորյանը եւ անկուսակցական Աշոտ Եղիազարյանը: Վերջինս աշխատել է Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունում:

«Ժողովուրդ»-ը զրուցեց երկու թեկնածուների՝ Աշոտ Եղիազարյանի եւ Գագիկ Ալեքսանյանի հետ:

Գագիկ Ալեքսանյան
-Պարո՛ն Ալեքսանյան, Դուք առաջադրվել եք ՀՀԿ-ի կողմից եւ պայքարելու եք ՀՀԿ-ական եւ անկուսակցական թեկնածուների դեմ:
-Իրենք մտնում են մարդկանց տները կամ զանգում են, ես էլ՝ նույնը: Առանձին-առանձին շփվում ենք ժողովրդի հետ: Իրենք թող մտածեն, ես արդեն վեց տարի է, ինչ գյուղապետ եմ:
-Ծանոթացե՞լ եք Ձեր մրցակցի՝ Աշոտ Եղիազարյանի նախընտրական ծրագրին:
-Չեմ կարդացել, բայց լսել եմ, որ խոստացել է բյուջեի մեծացում, չնայած ես չգիտեմ, թե բյուջեն ոնց է մեծացնելու: Խոստանում է խորքային հորեր ստեղծել՝ ոռոգման ջուր ապահովելու համար, բայց բնապահպանության նախարարությունը դրանք փակում է: Թող խոստանան, ես հանգիստ ամեն ինչ տանում եմ: Խոստանում է համայնքի կենտրոնը կանաչապատել, չգիտեմ, թե որտեղի մասին է ասում, եկեղեցու զանգակատունը կառուցել, գյուղում Փարիզ է ուզում ստեղծի:

Աշոտ Եղիազարյան
-Պարո՛ն Եղիազարյան, առաջի՞ն անգամ եք առաջադրում Ձեր թեկնածությունը:
-Այո՛:
-Դուք նախընտրական բուկլետ եք տպագրել եւ այն տարածել բնակիչների շրջանում: Ի՞նչ եք խոստանում բնակիչներին:
-Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ՝ մարդիկ ոռոգման ջուր չունեն:
-Եւ ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրը լուծել:
-Ես ինքս տարեկան 10 հա ծխախոտ եմ մշակում, 10 հա էլ՝ հացահատիկ, բայց ես կարողանում եմ ջուր գտնել, բերել: Այդ ինչպե՞ս է, որ ինձ մոտ հաջողվում է, իսկ գյուղապետի մոտ՝ ոչ: Պետք է միայն լուրջ ուշադրություն դարձնել այդ խնդրին:
-Ձեր մրցակիցը՝ գործող գյուղապետը, ՀՀԿ-ական է եւ առաջադրվել է հենց կուսակցության կողմից: Ինչպե՞ս եք դիմադրելու:
-Դե, գործող իշխանությունը չի ընտրում, այլ համայնքի բնակչությունը: Ես անկուսակցական եմ, ընտրվելուց հետո կմտածեմ, թե որ կուսակցության հետ աշխատեմ:
-Այս պահին ճնշումներ չե՞ն գործադրվում Ձեր նկատմամբ:
-Ես ինքս անձամբ աշխատել եմ նախագահի անվտանգության ծառայությունում: Ինձ բոլորը ճանաչում են, ես էլ ծանոթ եմ բոլոր կուսակցություններին, այնպես որ, ոչ ոք չի կարող ինձ ճնշել: Նախորդ տարի դուրս եմ եկել աշխատանքից. գնացի Մոսկվա, հիմա վերադարձել եմ ու ցանկանում եմ գյուղապետ դառնալ: Վստահ եմ, որ կանցնեմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՄԱՐԶԵՐ

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Հոկտեմբերի 11-31-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն անցկացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառում: Այն անցկացվում է վերամբարձ կարգախոսով՝ «Գյուղատնտեսության ապագան ձեր ձեռքերում է»: Ընտրված հաշվարարները համապատասխան հրահանգավորում են ստացել: Նրանք մտնում են գյուղացիների տները եւ հարցաթերթիկներ լրացնում: Հարցաթերթիկները բավական մեծ են, դրանցում բազում հարցեր կան: Հաշվարարներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, գործընթացի մասին հետաքրքիր մանրամասներ հաղորդեց: Նրա վկայությամբ՝ գյուղացիները խիստ անվստահությամբ, կարելի է ասել՝ վախով են վերաբերում հաշվառմանը: Մարդիկ չգիտեն, թե, օրինակ, իրենց հավերի ճիշտ քանակը հայտնելուց հետո վաղը կառավարությունը որեւէ հարկ չի՞ սահմանի՝ ընտանի թռչուններ պահելու համար: «Գյուղացիների հայացքներում խեղճություն կա, խիստ անվստահություն պետության կողմից անցկացվող միջոցառման հանդեպ»,-ասաց հաշվարարը:

 

ՏԵՂԱԿԱԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ավարտվեց պաշտոնական կեղծիքի մեջ մեղադրվող, կոչումով մայոր, Արարատի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Բաբայանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, զորամասի հրամանատարի համապատասխան հրամանների համաձայն՝ պարտավոր լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայով կազմակերպել նորակոչիկ վարորդ Գեւորգ Բադալյանի մարտավարամասնագիտական մեքենավարման պարապմունքներ, տրանսպորտային միջոցի գերածախսով աշխատելն ու առկա անսարքությունները թաքցնելու եւ այդ առումով վերադաս հրամանատարության դիտողությանը չարժանանալու նպատակով կատարել է պաշտոնական կեղծիք. ուղեգրերի մեջ գրառել է վազքաչափի ցուցիչների տվյալների, վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ա. Բաբայանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնական կեղծիք): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Բաբայանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Նա հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը եւ զղջում է կատարածի համար: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Արթուր Բաբայանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս