ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նախօրեին՝ ժամը 01:30 սահմաններում, ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը միայնակ, առանց թիկնապահների շրջել է քաղաքում: «Երեւանը բոլորիս մայրաքաղաքն է, բոլորիս տունն է, բոլորս էլ կարող ենք ապահով զգալ մեզ, քանի որ ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,-այս կերպ է մեկնաբանել ոստիկանապետն իր գիշերային այցը:

 

ՀԱՐՑ. Պետական գրանցում կատարելու եւ վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում պետական գրանցում չի ստացել:

Լեւոն Ղուկասյան (39 տարեկան, ինժեներ-մեխանիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող՝ բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն, եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998 թվականի մարտի 1-ից հետո չի գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե անշարժ գույքը 1998թ. մարտի 1-ից հետո չի գրանցվել, եւ պետական գրանցումը կատարվում է առաջին անգամ, ապա նոր վկայական ձեռք բերելու համար քաղաքացին որեւէ գումար չի վճարում: Ավելացնենք նաեւ, որ անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար, բացառությամբ սույն հոդվածի (Հոդված 73.Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման եւ այլ ծառայությունների համար գանձվող վճարների չափերը) 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերի՝ գանձվում է 25.000 դրամ:

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, եթե կազմակերպության աշխատակիցը զինապարտ է, եւ նրան ժամանակավորապես զորակոչում են ԶՈՒ՝ մասնակցելու զինվորական վարժանքներին, ապա՝
– այդ ընթացքում պահպանվո՞ւմ է նրա աշխատանքային տեղը
– համարվո՞ւմ է բացակայությունը հարգելի
– արդյո՞ք վճարվում է աշխատակիցը, եւ եթե՝ այո, ապա կազմակերպության հաշվի՞ն է վճարվում:

Նարեկ Սահակյան (21 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու եւ վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու եւ վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) եւ միջին աշխատավարձը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ զինվորական պարտականությունները կատարելու ընթացքում պահպանվում է քաղաքացու ե՛ւ աշխատատեղը, ե՛ւ աշխատավարձի չափը: Հուսանք, որ գործատուները գոնե այս դեպքում կպահպանեն գործող եւ օրենքով սահմանված կարգը՝ չավելացնելով գործազուրկների թիվը եւ հարգելով աշխատակիցների իրավունքները: Ավելացնենք նաեւ՝ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, վարժական հավաքից, զորահավաքից եւ զինվորական հաշվառումից խուսափելու, ինչպես նաեւ՝ զինվորական հանցագործություններ, զինվորական հաշվառման բնագավառում իրավախախտումներ կատարելու համար զինծառայողները եւ զինապարտները պատասխանատվության են ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:




Լրահոս