ԳԼԽԱՔԱՆԱԿԻ՞ ՀԱՇՎԱՐԿ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին թիվ 12 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ռոբերտ Մասումյանի վստահված անձինք 15 ընտրատեղամասերից դիմում-բողոք են ներկայացրել ԿԸՀ եւ վերահաշվարկ պահանջել: Երեկ ավարտվեց վերահաշվարկը եւ ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն չունեցավ:
Նախնական արդյունքների համաձայն՝ պատգամավոր ընտրված Լյովա Խաչատրյանի քվեների թիվը կազմել է 14.923, որը վերահաշվարկից հետո ավելացել է 263-ով՝ դառնալով 15.186: Իսկ Ռոբերտ Մասումյանը հավաքել է 13.779 ձայն, որը վերահաշվարկի ընթացքում պակասել է երկուսով:
Ընտրատեղամասում բացատրվեց, որ 12/29 ընտրատեղամասի արձանագրության մեջ համակարգչային սխալ է եղել, այսինքն` թվերը սխալ են մուտքագրվել: Իսկ Մասումյանի ձայները երկուսով ավել են գրվել: Այս պատկերն արձանագրելու համար ո՞վ պետք է պատժվի: Պատասխանելով «Ժողովուրդ»-ի այս հարցին՝ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սոնա Սարգսյանը ասաց. «Մենք արձանագրել ենք մատյանում, որ այսինչ տեղամասում ինչ-որ խախտում է եղել: Կարգապահական տույժի մասին որեւէ բան ասել չեմ կարող, ընդամենը արձանագրել ենք: Մեր նպատակը թվային փոփոխություն բացահայտելն  ու գրանցելն է: Ոչ թե նստենք, այդքան բանից հետո հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին պատժենք՝ իր աշխատանքին լավ չտիրապետելու համար: Դա իմ պարտականությունների մեջ հաստատ չի մտնում, հատկապես վերահաշվարկի դիմում ստանալուց հետո»: Հանձնաժողովի նախագահը հուսադրեց. «Մարդ ենք, յուրաքանչյուրիս հետ էլ կարող է պատահել: Մեկ կամ երկու հատ ավել կամ պակաս՝  չի խանգարում»: Մինչդեռ հենց այդ մեկ-երկու քվեաթերթիկի համար էր Բենզին Ռուբո անունով հայտնի Մասումյանը բողոք գրել թիվ 12 ԸԸՀ-ին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ 12/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների հետ, որոնք դժգոհում էին, որ վերահաշվարկը առանց իրենց ներկայության է արվել: «Մեծամասնականի պարկը բացել են ու մեզ տեղյակ չեն պահել: Իսկ 68 անվավեր քվեաթերթիկները չկան: Ընտրության օրը 23 հոգի, ովքեր ներկա են եղել, այդ պահին հաստատել են, որ դրանք եղել են: Բայց այսօր չկան: Ինքս ուզում եմ իմ իրավունքները պաշտպանել եւ ապացուցել, որ մաքուր եմ աշխատել: Հիմնական պատասխանատվությունը հանձնաժողովի նախագահի վրա է, եթե նրան ձեռք է տալիս այս վիճակը, ապա ինձ կրկնակի անգամ է ձեռք տալիս»,-դժգոհեց 12/18-ի հանձնաժողովի քարտուղար Ռուզաննա Նիկոյանը: Նրան լրացրեց հանձնաժողովի անդամներից մեկը՝ ասելով. «Մենք մի կտոր հաց չենք կերել, նույնիսկ սուրճ չենք խմել: Ամբողջ օրը լարված աշխատել ենք: Գոնե մի թեթեւ խախտում էլ չէինք կարող անել»: Հիշեցնենք, որ 12/18 տեղամասից թվով 68 անվավեր քվեաթերթիկներն այդպես էլ վերահաշվարկի արդյունքում չգտնվեցին:
Ի դեպ, վերահաշվարկի ավարտին մի քանի րոպեով ընտրատեղամաս եկավ «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց նրա հետ զրուցել վերահաշվարկի մասին, քանի որ Բախշյանը եւս այս ընտրատարածքում առաջադրված էր որպես պատգամավորի թեկնածու. «Մանրամասն տեղյակ չեմ: Ընդամենը լսել եմ, որ Մասումյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքը եւ պահանջել վերահաշվարկ: Թե ինչ հիմքով է պահանջել, չգիտեմ: Ես կարծում եմ, որ նրանք մի պատճառ ունեն` իրենք իրենց ծախսած փողերով հաշվել են գլխաքանակ, այսքան մարդու պետք է բերեին, բայց չի ստացվել: Այդ պատճառով հիմա ինքը բողոքում է»: Հարցին, թե նա բողոք չունի, պատասխանեց. «Ես հիմք չունեմ բողոքելու, որպեսզի այն ընտրության արդյունքի վրա ազդի: Սա մեր հասարակությունն է՝ ո՛չ քաղաքացիական եւ ո՛չ էլ կրթություն ունեցող»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս