Մայիսի 6-ին կայացած ընտրությունները դեռ շարունակում են լուրջ քննարկման առարկա դառնալ սոցիալական ցանցերում:
Մեր գործընկեր, օգտատեր Քրիստինե Խանումյանն այսպիսի միտք է գրում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում. «Եթե Արթուրիկ Բաղդասարյանը մի անգամ էլ հրապարակավ խոսի այն մասին, թե այս ընտրություններում ընտրակաշառք է բաժանվել, ես նրա կողմից բաժանված հեռախոսներից մեկը հրապարակավ կշպրտեմ նրա գլխին…»: Նրան յուրօրինակ պատասխան է տվել դարձյալ մեր գործընկեր Արմեն Դուլյանը. «Դե որ մնացած կուսակցությունների բաժանածն էլ ձեզ մոտ բերեն, էլ ինչի եք գլխներին տալիս՝ կարաք փոքրիկ խանութ բացեք… Կամ ընտրակաշառքի թանգարան…»:
Խլուրդ կեղծանվամբ օգտատերը գրում է. «Եթե ԲՀԿ-ն կոալիցիա մտավ, կլինի ամենավերջին… ընտրակաշառք վերցնողը»: Ալեն Սիմոնյանն էլ, անդրադառնալով հետընտրական ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, նշում է. «Պարզ է, որ այս երկրում ընտրություններով այլեւս բան փոխել չի լինի: Մի նստաշրջան հետո իշխանությունը կոչնչացնի թե՛ ԲՀԿ, թե՛ մնացած ուժերին, որ կարող են ինչ-որ կերպ մրցակցություն կազմել: Ուստի հասկանալով բոլորի ամբիցիաները, բոլորի հնարավորությունները առաջարկում եմ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՆ 1 միասնական թեկնածուով, որ ի սկզբանե կհայտարարի, որ չի հանդիսանալու հանրապետության նախագահ ավելի քան կպահանջվի ՆՈՐ պառլամենտական եւ նախագահական ընտրություններ կազմակերպելու համար: Այս համաձայնության մանրուքները թողնում եմ վերը նշված ուժերին, որոնք իշխանության են ձգտում եւ վաղը պետք է բանակցեն մեր թշնամիների հետ Ղարաբաղի եւ սահմանների հարցի շուրջ: Մի համաձայնության եկեք Ձեր երկրում՝ Ձեր հայրենակիցների մեջ!»:
Իսկ օգտատեր Արթուր Ղազարյանն էլ, անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, գրում է. «Դե լավ եթե կուսակցությունները չեն համարձակվում ասել, ես ասեմ իրենց փոխարեն` 1. ՀԱԿ-ը պետք ա ընդունի, որ ԲՀԿ-ի վրա խաղադրույքը սխալ էր, ՀՀԿ-ի հետ երկխոսությունը նույնպես 2. «Ժառանգություն»-ը պետք ա ընդունի, որ խորհրդարան անցնում է «Ժառանգության» ընդամենը 2 անդամ: Մնացածը ուղղակի կիսեցին «Ժառանգության» տոկոսը եւ չնպաստեցին նրա ռեյտինգին: 3. ՀՅԴ-ն պետք ա ընդունի, որ ժամանակն է փոխել հայաստանյան իրենց վարչակազմը: ՀՅԴ-ն ունի ռեսուրս, բայց չի օգտագործում այն ի նպաստ երկրի»:
Շարունակելով ընտրությունների թեման՝ լրագրող Հասմիկ Համբարձումյանն այսպիսի դիտարկում է արել. «Հանրապետական իշխանությունները Մասիվի (Նոր Նորք) բնակչությունից հավանաբար նեղացել են. Գայի պողոտան ընտրություններից առաջ ակտիվորեն ասֆալտապատվում էր, իսկ հիմա խորհրդավոր կերպով աշխատանքները դադարեցվել են. նշեմ, որ Նոր Նորքում ստացած քվեների քանակով առաջատարը ԲՀԿ-ն էր….»:
Օգտատեր Արամ Պողոսյանն էլ եկել է այն կարծիքին, որ «այսօր Հայաստանում տնտեսության ամենակայացած, ամենադինամիկ աճ ապահովող ճյուղը ընտրակեղծարարությունն ա…»:
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ