Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ ոչ իշխանական ուժերի ծավալած գործունեությունը որևէ նոր մոտեցում չէր ներառում: Armlur.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Անի Քոչար Փրոդաքշն»-ի տնօրեն, լրագրող Անի Քոչարը: Վերջինս բնորոշմամբ՝ համապետական հավաքի ժամանակ որևէ լուրջ և իրատեսական առաջարկ չարվեց:
«Ինձ համար սա հերթական հավաքն էր, և նմանատիպ հավաքներից ժողովուրդը պետք է որ հոգնած լինի: Ժողովուրդը պետք է հստակ գործողություններ պահանջի: Թե´ ամսի 10-ի , թե´ հետագա օրերին տեղի ունեցող հանրահավաքներին պետք է լինեն հստակ ծրագրեր և հստակ գործողություններ»,- նշեց Ա. Քոչարը` հավելելով, որ այս գործընթացում միակ դրական բանն այն է, որ ոչ իշխանականներն իշխանության ներկայացուցիչների դեմ ինչ-որ գործողություն են անում:
«Կոնկրետ ԲՀԿ-ի մասով կարող եմ ասել, որ իրենց գործողություններում ես որևէ իրատեսական և անկեղծ, իշխանափոխությանը տանող գործողություն չտեսա»,- ասաց լրագրողը` հավելելով, որ ինքը ԲՀԿ-ին և իր առաջնորդին նույնացնում է Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, պետք է ասեմ, որ ես ակնածանք ունեմ այդ մարդու նկատմամբ, սակայն, նա իրեն որպես քաղաքական գործիչ պարզապես սպառել է»,- ասաց Անին:
Վերջինս, խոսելով ոչ իշախանական ուժերից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի մասին, նշեց, որ ինքը Րաֆֆի Հովհանիսյանի և իր շատ թիմակիցների նկատմամբ մեծագույն հարգանք ունի, սակայն չի կարող թաքցնել հիասթափությունը նրանցից և ասել, որ մի բան է լինել լավ մարդ, բոլորովին այլ բան՝ լինել լավ քաղաքական գործիչ: Վճռական և լուրջ քայլերի պատրաստ քաղաքական գործիչ լինելն էլ բոլորովին այլ բան է:
Անի Քոչարը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նաև Գագիկ Ծառուկյանի՝ հոկտեմբերի 10-ի ելույթի մասին: «Գագիկ Ծառուկյանի ելույթ գրողները դեռ չէին հասցրել հավուր պատշաճի իրենց գործը կատարել»:
Իսկ մեր այն հարցին, թե ինչ ակնկաիքներ ունի հոկտեմբերի 24-ի հանրահավաքից, Անին ասաց, որ ինքը ոչ իշխանականներից անկեղծություն չի ակնկալում: «Նրանց այս ձգտումները կարելի է անկեղծ համարել միայն այն դեպքում, երբ իրական քայլեր անեն: ԲՀԿ-ի այս բոլոր գործողությունները տանում են կա՛մ Գագիկ Ծառուկյանի` աթոռ ձեռք բերելուն, կա՛մ էլ Ռոբերտ Քոչարյանին աթոռ վերադարձնելուն»,-ասաց նա` հավելելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խելքով, Գագիկ Ծառուկյանի փողերով և Րաֆֆի Հովհաննիսյանի ռոմանտիզմով հետաքրքիր իշխանություն կարող էր լինել: