Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ ներկայացրեց ԱՄՆ և Իրան կատարած այցերից:
Նա նշեց, որ իր գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին և հավելեց, որ այդ կառույցների ղեկավարների հետ քննարկվել են 2014-17 թվականներին Հայաստանում իրականացվելիք բոլոր ծրագրերը: Քննարկվել են նաև ապագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Ապագայում, եթե լինի անհրաժեշտություն, այդ կառույցները պատրաստ են դիտարկել և ֆինանսական տրամադրումների չափն ավելացնել»,- ասաց վարչապետը:
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերին, մենք նաև այդ համատեքստում ենք քննարկել ֆինանսական կառույցների ղեկավարների հետ, որ եթե սանկցիաները կիրառվեն Ռուսաստանի նկատմամբ, մեր տնտեսության վրա ուղղակի կունենան բացասական ազդեցություն: Այս կոնտեքստում իրենք տվել են համաձայնություն՝ վերանայելու այն ֆինանսավորման փաթեթը, որն այսօր հաստատված է 2014-17 թվականների ծրագրով: Եվ ես համոզված եմ, որ մենք կունենանք աջակցություն ֆինանսական կառույցների կողմից»,- նշեց վարչապետը: