Ինչու էր քուչակցի հովիվը խուճապահար արել գյուղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում այս պահին նորմալ աշխատանքային առօրյա է, և լուրերը, թե այնտեղ 29-ամյա հովիվը խուճապ է առաջացրել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Քուչակ գյուղի ղեկավար Հովիկ Ամիրյանն՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած արտառոց դեպքին:

Նենք, որ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ երեկ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ 29-ամյա Սևակ Իսպիրյանը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանության բաժանմունքի ոստիկան Վարդան Գևորգյանի ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը: Վ. Գևորգյանը ծառայություն կատարելիս է եղել Ապարանի ջրատարի պահակակետում, երբ Ս. Իսպիրյանը մտել է պահակակետ և թիկունքից հարվածել Վ. Գևորգյանին: Նրանց միջև տեղի է ունեցել քաշքշուկ և այդ պահին Ս. Իսպիրյանը հափշտակել է ատրճանակը և դիմել փախուստի:

Համայնքապետի փոխանցմամբ՝ Իսպիրյանի ընտանիքն անասնապահությամբ է զբաղվում, իսկ ինքը՝ Սևակ Իսպիրյանը, ամուսնացած չէ և հանգիստ բնավորությամբ անձնավորություն է:

«Ոստիկանությունը վնասազերծել է Սևակ Իսպիրյանին: Այս պահին ամեն բան նորմալ է, հանգիստ է: Թե ինչու է նա վերցրել ոստիկանի զենքը, պատկերացում չունենք»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ նշված ոստիկանին չի ճանաչում:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Սևակ Իսպիրյանը ձերբակալված է:




Լրահոս