Քաղաքային բյուջեն դատարկ է. հուշարձանի կառուցումը հովանավորել են բարեգործները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ Սոս Սարգսյանի անունը կրող փողոցին հարող այգում տեղի կունենա ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Սարգսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը (հեղինակ` ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյան):

Armlur.am-ի հետ զրույցում Ստեփանավանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոստոմ Քոչարյանը հայտնեց, որ հուշարձանը կառուցվել է բարեգործական միջոցների հաշվին:

«Քաղաքային բյուջեն, ցավոք, այնքան էլ լավ վիճակում չի գտնվում, որպեսզի կարողանայինք դրա միջոցներով տեղադրել մեծ հայի հուշարձանը: Բացման արարողությանը հրավիրել ենք Կառավարության ներկայացուցիչների: Իհարկե, կարող են գալ բոլոր ցանկացողները: Ստեփանավանցիների համար մեծ պատիվ է մեր հայրենակից Սոս Սարգսյանի հուշարձանը մեր քաղաքում տեսնելը»,- նշեց Ռ. Քոչարյանը:

Վերջինս, սակայն, դժվարացավ նշել՝ Կառավարության ներկայացուցիչներից կոնկրետ ովքեր են հրավիրված՝ ասելով, թե նրանց քաղաքապետն է հրավիրատոմսեր ուղարկել: Իսկ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:




Լրահոս