
Ֆրանսիացի բժիշկ Ժան Ֆրանսուա Պայեն, ով բուժել է մրցարշավորդ Միխայել Շումախերին Գրենոբլի հիվանդանոցում, հայտարարել է, թե գերմանացի մարզիկը 3 տարի հետո կարող է ապաքինվել:
«Գլխուղեղային վնասվածքից հետո կյանքը բաժանվում է մի քանի աստիճանի, որոնցից յուրաքանչյուրը մոտեցնում է մարդուն ապաքինմանը: Մենք հուսով ենք, որ Միխայելը կապաքինվի, սակայն նրան պետք է ժամանակ տալ», – ասել է Պայենը RTL ռադիոյին տված հարցազրույցում:
Շումախերը ֆրանսիական հոսպիտալ էր տեղափոխվել Ալպերում տեղի ունեցած դժբախտ պատահարից անմիջապես հետո: 2014-ի ամռանը նա դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել Շվեյցարիայում գտնվող վերականգնողական կենտրոն:
Պայենն այցելել է իր նախկին հիվանդին և հայտարարել, որ 45-ամյա մրցարշավորդը դանդաղ, սակայն ապաքինվում է: