«Իսլամական պետության» դիրքերի ռմբակոծման հետևանքով Քոբանիում զոհվել է գրոհայինների հրամանատարներից մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Բադալովը: Այդ մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Բադալովի հետ միասին զոհվել է «Իսլամական պետության» ևս 25 գրոհային: 50-ամյա ադրբեջանցին՝ Տերտերի շրջանից, գրոհայինների շրջանում հայտնի էր «Խալիդ Ազերի» մականունով:
Նախկինում Բադալովն ակտիվորեն զբաղվել է քաղաքականությամբ և եղել է ազգայնական շարժման մասնակից Ադրբեջանում:
2000-2001թթ. նա Պանկիսի լեռնանցքում գլխավորել է գրոհայինների խումբը, որը մարտական գործողություններ է իրականացրել Չեչնիայում ռուսների դեմ: 2002-ին նա ստեղծել է «Ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը, սակայն ձերբակալվել է և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
2013թ. նա ազատ է արձակվել, մեկ ամիս ապրել է Ադրբեջանում, այնուհետև՝ Սիրիայի տարածքում ստեղծել «Փաբուկ» խումբը, որում հավաքել է Սիրիայում կռվող ադրբեջանցիներին: Բադալովը կարողացել է ԻՊ-ում հրամանատարական պաշտոն ստանալ և նշանակվել է Կովկասում «ԻՊ էմիր»:
Իրաքում թուրքական դիվանագիտական կորպուսի գրավման գործողությունները ղեկավարել է ադրբեջանցի: Չի բացառվում, որ դա հենց Ռովշան Բադալովն է եղել: