Խոսնակները Արսեն Բաբայանին չեն նեղացնում, բայց հիացած էլ չեն վերջինիս պահվածքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն իր նշանակման առաջին օրվանից կոնֆլիկտներ է ունեցել տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նրա  կարծիքով, մինչ այժմ լրագրողներն անօրինական են աշխատել խորհրդարանում, և ժամանակն է «ձգել բոլորի սանձերը»: Նա կա՛մ բոլորին կարգադրում է կրել հավատարմագրերը, կա՛մ նկարահանում է իր կարգադրությունը չկատարած լրագրողներին, կա՛մ էլ զանգահարում խմբագրություններ և բողոքում նրանցից:

Armlur.am-ը փորձեց լրագրողների հետ անմիջական կապ ունեցող մյուս խոսնակներից ճշտել իրենց վերաբերմունքը Ա. Բաբայանի արարքների և լրագրողների պահվածքի մասին:

ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armlur.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանի նման մոտեցումը հետեւյալ կերպ որակեց. «Արսեն Բաբայանը հորդորում է կրել լրագրողական հավատարմագրերը: Ինքս կողմնակից եմ լրագրողների հետ պարզ, թափացիկ եւ գործընկերային հարաբերություններին միայն: Պետք է այնպես անել, որ նման բաների արդյունքում չմոռացվի ընթերցողը»: Առողջապահության նախարարի օգնական Տաթևիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե լրագրողի կողմից ցանկացած քայլ օրենքի սահմաններում է և չի վնասում այլոց իրավունքներին, ուրեմն դրա մեջ վատ բան չի կարելի որոնել: «Այս ամենից զատ կարևորում եմ նաեւ այս դեպքում ԱԺ կանոնակարգը, որին պետք է հետեւեն բոլորը»,- եզրափակեց նա:

ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանի բնորոշմամբ էլ նման օրենք դեռևս 2009 թվականից կա:«Մինչ այս որևէ խնդիր չի եղել, բայց եթե լրագրողներին անհանգստացնում է Արսեն Բաբայանի նման վերաբերմունքը, կարող են համախմբվել,  դիմել համապատասխան կառույցներին, որպեսզի այդ օրենքը փոփոխության ենթարկվի»,- նշեց խոսնակը:

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանիյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ուզում այս թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել: «Կոռեկտ չեմ համարում իմ կոլեգայի մասին որևէ մեկնաբանություն անել»,- նշեց խորհրդականը:

Հ. Գ. Մեզ համար սպասելի էր, որ իրենց գործընկերոջ աշխատելաոճի վերաբերյալ մեկնաբանությունները նման բովանդակություն կունենային, սակայն, դժվար չէ հասկանալ, որ բոլորն էլ հասկանում են, որ Ա. Բաբայանի նման պահվածքը հեռու է պրոֆեսիոնալիզմից:




Լրահոս