ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ «ՓԱԿԵԼ»
Երկուշաբթի մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյայում անհետաձգելի ընթացակարգով ընդգրկված է ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Թեեւ դրա անհրաժեշտությունը հիմնավորվում է մեր երկրի ստանձնած պարտավորություններով, այդուամենայնիվ, հարցերի տեղիք է տալիս այս նախագծի ներկայացման հրատապությունը:
Ինչպես նշված է նախագծում. «Օրենքի նպատակն է ապահովել անձնական տվյալները մշակելու ընթացքում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Այն կարգավորում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ՝ օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը»:
Հոդված 1-ի 3-րդ կետում նշվում է նաեւ, որ «Պետական եւ ծառայողական, բանկային, նոտարական, ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը եւ պաշտպանությանն առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաեւ՝ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում եւ դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով»:
Ըստ օրենքի նախագծի՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն (գրավոր կամ տեսագրությունների, կամ ձայնագրությունների, կամ այլ տեսքով), որը թույլ է տալիu կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Իսկ հոդված 3-ի 3-րդ կետը, որը վերաբերում է հոդվածի ընդհանուր հասկացություններին, սահմանում է. «Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց` անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողությունն է, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալները այլ անձի մատչելի դարձնելը»:
Նախագծում նշված է նաեւ, թե որ տեղեկությունները կարող են դառնալ հանրամատչելի. «Տվյալների uուբյեկտի համաձայնությամբ կամ oրենքով նախատեuված դեպքերում կարող է uահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոuային տեղեկատուներ, հաuցեների գրքեր, կենuագրական տեղեկատուներ, մաuնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում եւ այլն): Հանրամատչելի են համարվում նաեւ անձի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, ամսաթիվը: Պայմանագրի հիման վրա մշակվող տվյալները կարող են հանվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով` պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու դեպքում»:
Նախագծի հարակից զեկուցողը լինելու է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որին էլ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել՝ պարզելու համար, թե ինչու է նախագիծն այդքան հրատապ:
-Պարո՛ն Մարուքյան, ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների մասին» նախագիծն ինչքանո՞վ է հրատապ: Տեսակետ կա, որ այդ նախագծի ընդունումը կարեւորվում է հատկապես առաջիկա քաղաքական զարգացումների համատեքստում` կանխելու համար կոնկրետ անձանց տվյալների` համացանցային լրատվամիջոցներով անցանկալի հրապարակումները:
-Ես այս նախագծից նման տպավորություն չունեմ, ավելին՝ դա Հայաստանի միջազգային պարտավորություններից է՝ մայր օրենքի նախագիծ ներկայացնելը: Ու որեւէ նման տեղեկություն չունեմ, որ դա կարող է կապ ունենալ լրատվամիջոցներում տպագրվող հրապարակումների հետ, անգամ ուշադիր չեմ եղել ու չեմ նկատել, որ լրատվամիջոցներն անհատական, անձնական տվյալներ են հրապարակել:
-Իսկ ինչո՞ւ է հենց այժմ նման օրենքի ընդունումը հրատապ համարվել:
-Այս օրենքով միասնական կարգավորման օրենսդրական բազա է ստեղծվում, թե տեղեկատվությունն ինչ ձեւով պետք է հավաքագրվի, մշակվի ու փոխանակվի տարբեր պետական մարմինների միջեւ, ու դրա համար բոլորը պատասխանատվություն են կրում: Այսինքն, թե՛ հավաքողները, թե՛ մշակողները, թե՛ փոխանակողներն այդ պատասխանատվության կրողներն են: Արդեն նախագծում նշվում է, թե որն է բաց տեղեկատվությունը, որը` փակ: Սա վերաբերում է մարդու մասին անձնական տվյալներին, այսինքն, եթե մարդը չի ցանկանում, որ իր մասին տվյալներ իմանան, ապա ինքն է որոշելու՝ ինչքան մասն է բաց, իսկ ինչքանը` գաղտնի, փակ: Իսկ այդ փակ տեղեկատվությունն արդեն պատասխանատվություն է առաջացնում, եթե ինչ-որ մեկը դա վերցնում, մշակում ու օգտագործում է: Նշեմ նաեւ, որ այն բաց տվյալները, որոնք կան, դրանց հետ այս նախագիծը որեւէ կապ չունի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՆԳԱՄ ԽՈՍԵԼՆ Է ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ
Հոկտեմբերի 15-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Նույն օրը հրապարակվել է նաեւ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը, որի ամփոփիչ հատվածում մասնավորապես ասվում է. «Թեեւ փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաեւ քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Ամեն դեպքում, համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին, կարծիք հայտնեց, որ այդ բարեփոխումների մասին խոսելն իսկ արդեն ժամանակավրեպ է:
-Պարո՛ն Մարգարյան, ինչո՞ւ եք սահմանադրական բարեփոխումները համարում ժամանակավրեպ:
-Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կոնսենսուս եւ հասարակական պահանջ:
-Այսինքն՝ Ձեր գնահատմամբ այդպիսի հասարակական պահանջ եւ քաղաքական կոնսենսուս չկա՞:
-Ո՛չ, իհարկե, ո՛չ, ներկայումս ո՛չ հասարակական պահանջ կա, ո՛չ էլ քաղաքական կոնսենսուս:
-Պարո՛ն Մարգարյան, Դուք կարծում եք, որ երկրի նախագահը պետք է ընտրվի բացառապես ուղիղ ընտրությամբ` ժողովրդի կողմի՞ց: Ինչո՞ւ եք դեմ գործող կարգի փոփոխմանը:
-Մեր կարծիքով նախագահը պետք է ունենա առաջնային մանդատ, եւ պետք է մեր քաղաքացիները, ժողովուրդը ընտրեն երկրի նախագահին եւ ոչ թե պատգամավորները: Վերջին մոտեցումը նախ` իրատեսական չեմ համարում, երկրորդն էլ` ճիշտ չէ:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՀՈՒՍԱՀԱՏՎԻ
Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը շատ «թեժ» էր: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորը հայտարարեց, որ տուժողին պատճառած վնասը ենթակա է փոխհատուցման, սակայն մինչեւ այսօր Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում չեն ստացել: ՀՀ կառավարությունը Գ. Ջհանգիրյանի ներկայացրած նախագծի մասին բացասական կարծիք է հայտնել: «Չի կարելի այսպիսի բաներ գրել: Իհարկե, կարելի է լրամշակել, խմբագրել, ստորակետը տանել այնտեղ, բութը բերել այստեղ: Կարելի է, բայց սենց բովանդակային բաներ չի կարելի անել, անհարմար է: Ես կհուսահատվեմ, էլ երբեք չեմ ներկայացնի օրենքի նախագիծ: Մասնագիտական իմ ինքնասիրությունը վիրավորում եք»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին դիմելով՝ Ջհանգիրյանն ասաց. «Եթե Դուք նայեք կոնվենցիայի փաստաթղթերը, կտեսնեք, որ այն ժամանակվա արդարադատության նախարարը տվել է դրական եզրակացություն: Նույն կառավարությունը չի՞, նույն իշխանությունը չի՞, իրավահաջորդը չե՞ք նախորդի, հրաժարվո՞ւմ եք»: Սակայն նախագիծը բացասական եզրակացության արժանացավ:
ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ինչպես արդեն հայտարարվել է՝ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ավելի քան 700 անուն ապրանքների նկատմամբ, այսպես կոչված, անցումային շրջանում կիրառվելու են ներմուծման մաքսատուրքերի հատուկ դրույքաչափեր:
ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին կից հավելվածի համաձայն՝ խոշոր եղջերավոր անասունի՝ թարմ եւ սառեցված բոլոր տեսակի մսերի համար, այդ թվում նաեւ՝ ոսկրահանված, կիրառվելու են մաքսատուրքի հետեւյալ դրույքաչափերը` 2015-ից մինչեւ 2018 թվականը մաքսային արժեքի 10 տոկոսի չափով, 2019-ին` 12,5, 2020-ին` 15 եւ 2021-ին՝ 25 տոկոս:
Խոզի մսի բոլոր տեսակների ներկրման դեպքում 2015 թվականից մինչեւ 2020 թվականը մաքսատուրքը կլինի 10 տոկոս, իսկ 2021-ին՝ 15 տոկոս:
Տնական թռչնի բոլոր տեսակի, այդ թվում՝ հնդկահավի եւ բադի մսերի ներկրման մաքսատուրքը 2015 եւ 2016 թվականներին կլինի 10 տոկոս, 2017-ին` 14, 2018-ին՝ 18, 2019-ին` 22, 2020-ին` 25 եւ 2021-ին՝ 50 տոկոս:
ՀՀ-ում ներկայումս բոլոր տեսակի եւ տիպի մսամթերքների համար մաքսային տուրքը սահմանված է 10 տոկոս: Այսինքն՝ ստացվում է, որ մի դեպքում՝ 2017 թվականից, իսկ մեկ այլ դեպքում էլ՝ 2018-ից, բոլոր այն մսամթերքները, որոնք ՌԴ-ից, Բելառուսից կամ Ղազախստանից ներկրված չեն լինի, կթանկանան: Ներկայումս հենց այդպես էլ արվում է, եւ մսամթերքը վերը նշված երեք պետություններից չի ներկրվում: Ասենք, բրազիլական, կանադական կամ իրանական մսամթերքն ավելի էժան եւ որակով է, ու ՀՀ գործարարները նախընտրում են այդ երկրներից ներկրել: