ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Սերժ Սարգսյանի իշխանությունը մտադրվել է փոփոխել Հայաստանի կառավարման համակարգը՝ «ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու ու ժողովրդավարություն կառուցելու նպատակով»: Ըստ էության, երկրում տեղի են ունենալու լրջագույն փոփոխություններ, քանզի կառավարման յուրաքանչյուր համակարգ ենթադրում է իր ուրույն կանոնները: Ի՞նչ կտա այն մեր երկրին:
Ի տարբերություն իշխանությունների ավետումների, սահմանադրական փոփոխություններն իրականում այնքան էլ լավատեսական հույս չեն հարուցում մի շարք պատճառներով: Առաջին՝ հետխորհրդական երկրները դեռ բավականաչափ զարգացած չեն՝ խորհրդարանական բարդ համակարգը ընդունելու համար, ապա՝ կոնկրետ մեր երկիրը չունի կայացած կուսակցական համակարգ, որը խորհրդարանական կառավարման կարեւրագույն պայմանն է: Ստորեւ անդրադառնալով խորհրդարանական համակարգ ունեցող մեզ ծանոթ մի շարք երկրների օրինակներին՝ փորձենք քննարկել դրանցում առկա իրավիճակը:
Խորհրդարանական համակարգը բավականին գայթակղիչ է, հատկապես, երբ առնչակցվում է ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններին: Այդուամենայնիվ, այն հակացուցված է հասուն քաղաքական համակարգ չունեցող երկրներին: Այսօր դրա լավագույն օրինակին ենք ականտես լինում Ուկրաինայում: Այստեղ իրականացված իշխանափոխության ընթացքում երկիրը վերադարձավ խորհրդարանական համակարգին: Պետրո Պորոշենկոյի նախագահ դառնալուց հետո երկրում, ըստ էության, առաջացավ իշխանության երկատում: Խորհրդարանը եւ կառավարության ղեկավարը նախագահի հետ գտնվում են տարբեր հարթակներում: Ավելին՝ Պորոշենկոն ինքնին ուժեղ ֆիգուր է, ուստի եւ նման կառավարման համակարգի պայմաններում նախագահ-խորհրդարան հակասություններն ամբողջովին օրինաչափ են: Դրա դրսեւորումներից մեկն էլ հենց Պորոշենկոյի եւ Յացենյուկի տարակարծություններն են: Ըստ ամենայնի, Ուկրաինայի նախագահն օլիգարխիայի ներկայացուցիչ է, մինչդեռ վարչապետը ներկայացնում է միջին դասը: Նրանց միջեւ անհամաձայնությունների տրամաբանականությունը բազմապատկվում է խորհրդարանական համակարգով, երբ նրանց կուսակցությունները չունեն խոշոր աջակցություն ժողովրդի շրջանում: Այս համատեքստում է պետք դիտարկել Պորոշենկոյի՝ շանտաժ հիշեցնող պահվածքը ներուկրաինական շրջանակների հանդեպ, Յացենյուկի հրաժարականի փորձն ու դրանից հապճեպորեն հրաժարվելը եւ այլն: Խնդիրն այն է, որ սահմանադրությամբ սահմանափակ լիազորություններ ունեցող, բայց ուժեղ եւ ամբիցիոզ նախագահն անհամապատասխանության մեջ է լայն իրավասություններ ունեցող խորհրդարանի հետ: Ըստ էության, կառավարման համակարգն ադեկվատ չէ Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակին:
Նախկին խորհրդային հանրապետություններից ինչ-որ չափով «հաջողված» խորհրդարանական կարգի թյուր տպավորություն է թողնում Վրաստանում ստեղծված իրավիճակը: 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում ընդդիմությունը եկավ իշխանության եւ նախագահ Սահակաշվիլին հայտնվեց քաղաքական մեկուսացման պայմաններում: Ամբողջովին հակադիր քաղաքական հայացքներով նախագահ եւ խորհրդարան ունեցող համակարգը երկիրն ավելի քան մեկ տարի պահեց ծայրահեղ լարվածության ու անկայունության մթնոլորտում: Հիշատակելի են Իվանիշվիլու եւ նրա կողմնակիցների սանկցիաները նախագահի նկատմամբ եւ վերջինիս վերաբերմունքն ու պահվածքը հակառակորդների հանդեպ: Նկատենք, որ Վրաստանի՝ 2013թ. նախագահական ընտրություններում Սահակաշվիլու կողմնակիցների հաղթանակի պարագայում երկիրն առնվազն կանգնելու էր իմպիչմենտի նախաշեմին: Արդ, քաղաքականությունն առաջին հերթին պրակտիկա է եւ ոչ թե տեսություն, ինչպես պատկերացնում է տնտեսագիտության թեկնածու Գագիկ Հարությունյանը:
Խորհրդարանական կարգերի լավագույն օրինակը մեզ համար հավանաբար Գերմանիան է: Սակայն Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ անգամ տեսական համեմատություններ անցկացնել հնարավոր չէ՝ մի շարք էական առանձնահատկություններից ելնելով: Նախ՝ այդ երկրում առկա է սոցիալական խիստ կայուն համակարգ: Հակակշիռները հստակեցված են ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ու սոցիալական բնագավառներում, ինչն անհնար է չնկատելու տալ: Ի վերջո, Գերմանիան ունի կայուն ընտրազանգվածով խոշոր քաղաքական կուսկացություններ: Ակնհայտորեն Հայաստանում կուսակցությունները ձեւավորվում են անհատների շուրջ, որոնց քաղաքական անկումը կուսակցության ու դրա ստեղծած համակարգի անկումն է, ինչպես եղավ ՀՀՇ-ի, ՀԺԿ-ի եւ առաջիկայում վստահաբար նաեւ՝ ՀՀԿ-ի պարագայում:
Բավականին հետաքրքիր է հարեւան Թուրքիայի նախադեպը: Վերջինս լինելով խորհրդարանական պետություն՝ փոխառեց նախագահական համակարգը: Թուրքիայի վերնախավը հասկացավ, որ առաջիկայում անխուսափելիորեն բախվելու է քրդական հարցին, ինչը միանշանակ պահանջում է կենտրոնացված ու ամուր իշխանություն: Մինչդեռ խորհրդարանական համակարգի պարագայում նախագահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը ունեին հստակ հակասություններ, որոնք ուղղակիորեն անդրադառնում էին երկրի ներքաղաքական կայունության եւ միջազգային հեղինակության վրա: Բավական է հիշել Էրդողանի ու առանցքային նախարարների հետ կապված կոռուպցիոն սկանդալները:
Հեռանալով օտար երկրների փորձերից՝ վերհիշենք Հայաստանի՝ 1990-1991թթ. պատմությունը: Հայկական ժողովրդավարության լավագույն նմուշը համարվող այս պատմափուլը տվել է հայաստանյան խորհրդարանական կարգի նախադեպը: Վերհիշենք մի կոնկրետ դեպք, երբ Վազգեն Մանուկյանի վարչապետության ժամանակ նախարարներին նշանակելու իրավասությունը պատկանում էր խորհրդարանին: Անվերջ քննարկումների արդյունքում անկարող լինելով կառավարություն ձեւավորել՝ խորհրդարանը ստիպված էր վարչապետին օժտել արտակարգ լիազորություններով՝ կազուսային իրավիճակը հանգուցալուծելու համար:
Այսպիսով՝ խորհրդարանական համակարգն ավելի շատ բնորոշ է կայուն ու արտակարգ իրավիճակներից ապահովագրված երկրներին: Այս պարագայում որոշումները միշտ ավելի դանդաղ են ընդունվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք հայ-թուրքական խնդրահարույց հարաբերություններ, ԼՂ չլուծված հակամարտություն եւ այժմ էլ անդամակցում ենք ԵՏՄ-ի պես անհասկանալի ու անհեռանկարային կառույցի, կարելի է պնդել, որ խորհրդարանական համակարգը պատուհաս է դառնալու Հայաստանի համար: Իրավիճակը, սակայն, չի կարող ավելի վատը լինել, եթե Սերժ Սարգսյանը դառնա ԿԿ առաջին քարտուղար եւ խորհրդարանը լցնի իրեն հեզ ծառայող կոճակ սեղմողներով:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՆԱԽԱԳԻԾ
Հոկտեմբերի 20-ին մեկնարկելիք ԱԺ-ի քառօրյայում է ներառվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որը պաշտպանում են ԱԺ 6 խմբակցությունները: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս մշակել եւ խորհրդարանին էր ներկայացրել սահմանամերձ բնակավայրերի վերաբերյալ նախագիծ, որը, սակայն, չգիտես ինչու, դրական եզրակացության չարժանացավ:
Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ 2015 թ.-ի հունվարի 1-ից կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերը կազատվեն հիմնական հարկերից: Օրենսդրական փաթեթի արժեքը 30 միլիարդ դրամ է: Նախագծով սահմանվում է նաեւ, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը վերադարձվում է բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված եւ փաստացի բնակարանի ձեռքբերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար: Վերացվում է նաեւ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը:
Օրենսդրական նախագծերի քննարկումը սկսելուց առաջ ԱԺ-ն պետք է շարունակի ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցի քննարկումը, որը ընդմիջվել էր նախորդ քառօրյայի ժամանակ:
ԼՔԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր որդիները հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից եւ մեկնել արտերկիր:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր որդիների՝ Հայաստանից հեռանալու հանգամանքը Գուրգեն Եղիազարյանը հետեւյալ կերպ ներկայացրեց.«Քանի որ ես ընդդիմադիր եմ, մեր իշխանությունները որոշել են, որ իմ որդիները պետք է չաշխատեն: Մի որդիս` Շահենը, անվտանգության համակարգում էր աշխատում, մյուսն էլ` Համբարձումը, քրեական հետախուզությունում: Մեկին ազատել են այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանին էի ընդդիմադիր, մյուսին էլ ազատեցին այն ժամանակ, երբ ինձ հանիրավի կալանքի վերցրեցին»:
ԳՐԱՎՈՐ ԳՐԵՔ
Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է այսուհետ լրագրողների հետ շփվել գրավոր-միջնորդավորված: Երեկ, երբ «Ժողովուրդ»-ը փորձեց հարց ուղղել մարզպետին, նա հայտարարեց, որ ինքն այսուհետ հեռախոսով հարցերին չի պատասխանի: Նա առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել Սյունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: «Հարցերը գրավոր ուղարկեք, մենք կտեսնենք հարցերը, եթե նպատակահարմար լինի՝ ձեր հարցերին կպատասխանենք»,-հայտարարեց Սուրիկ Խաչատրյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԶԳՈՒՇԱՎՈՐ ԵՆ
Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ բավականին զուսպ են արձագանքել հարցին, թե արդո՞ք կիսում են Ադրբեջանի արտգործնախարարի լավատեսությունն առաջիկա փարիզյան հանդիպման շուրջ: «Տեսնենք, թե ինչ արդյունքների կհանգեցնի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը», – «Ազատությանն» ասել է Պիեռ Անդրիոն: Իսկ ռուսաստանցի համանախագահն ընդհանրապես խուսափել է խոսել իր ակնկալիքների մասին:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՇՏՈՒՄ ՉԿԱ՞
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ Աժ-ում ասել է, թե տեղյակ չէ` որն է փոխվարչապետի պաշտոնից Արմեն Գեւորգյանի հրաժարականի պատճառը: Լրագրողների դիտարկմանը, թե Արմեն Գեւորգյանը համարվում է քոչարյանական կադր, Դավիթ Հարությունյանն արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում քոչարյանական կադր: Պարոն Քոչարյանն այս պահին քաղաքական դաշտում առկա չէ: Իսկ այն, որ ե՛ւ Արմեն Գեւորգյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ ես, բոլորս աշխատել ենք, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, այո՛, աշխատել ենք եւ աշխատել ենք մեկ թիմով»:
«ՌԵԳՆՈՒՄ»-ՈՒՄ ԷԼ ՀԱՅ ՉԿԱ
«Ռեգնում»-ի գլխավոր խմբագիրը ստիպված է եղել թողնել աշխատանքը, քանի որ Կրեմլին մոտ կանգնած նոր սեփականատերը հարկադրել է ուկրաինական ճգնաժամը լուսաբանել իր թելադրանքով: Վիգեն Հակոբյանը, ով Մոսկվայում չորս տարի խմբագրել է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել հոկտեմբերի 10-ին: Հակոբյանի փոխանցմամբ` «Ռեգնում»-ից իր դուրս գալուց հետո աշխատանքից դուրս են եկել նաեւ գործակալության հայաստանյան մասնաճյուղի անդամները:
ՄՏԱՑԱԾԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկել են փորձագետների մակարդակով բանակցություններ սկսել, հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ցանկալին իրականության տեղ մատուցելով՝ մտացածին հայտարարություններ է անում՝ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ եւս մեկ անգամ ցույց տալով իր անլուրջ մոտեցումը: