ՀԻՍՏԵՐԻԿ ԱՂՄՈՒԿԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միջազգային որեւէ կառույց չի ցանկանա ադրբեջանական դիվերսանտներին պաշտպանել, քանի որ նրանք հանցագործ են:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի՝ երեք հոգանոց դիվերսիոն խմբի գործողությունների առիթով հարուցված քրեական գործը հոկտեմբերի 8-ին ուղարկվել է դատարան: Սակայն առաջին դատական նիստի օրը դեռեւս չի հայտարարվել:
Ադրբեջանը, բնականաբար, չի ընդունում նրանց մեղադրանքը: Ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս հայտարարություն էր տարածել, թե ադրբեջանցիների նկատմամբ կայացնելիք վճիռը «իրավաբանական ուժ չի կարող ունենալ»: Բայց Ադրբեջանը միաժամանակ, մնալով ստվերում, մտադիր է օտարերկրացի պաշտպաններ կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ ներգրավել: Նկատենք, որ եթե Ադրբեջանը պաշտոնապես պաշտպաններ ուղարկի Արցախ, ապա այդպիսով պաշտոնական Բաքուն կճանաչի ԼՂՀ դատարանի իրավասությունը:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիների նկատմամբ դատական գործ հարուցելու իրավաբանական հիմքեր չունի, եւ դատարանի կայացնելիք վճիռը «իրավաբանական ուժ չի կարող ունենալ»: Այս պայմաններում ի՞նչ է մտադիր անել Արցախը:
-Ադրբեջանի պահվածքը մեզ համար նորություն չէ, հատկապես ադրբեջանական կողմը եռանդուն պաշտպանում է այնպիսի մարդկանց, որոնց կարելի է համարել հանցագործներ եւ մոլագարներ: Սա ցույց է տալիս այդ պետության ներքին իրավիճակը եւ, ընդհանրապես, թե ինչ հարեւանի հետ մենք գործ ունենք: Անկախ նրանց հիստերիայից՝ լինելու է բաց, թափանցիկ դատ, եւ եթե նրանց մեղադրանքը հաստատվի, դատապարտվելու են մեր գործող օրենքներով: Եթե խախտել են Արցախի պետական սահմանը, պետք է պատիժ կրեն: Ավելին՝ չեմ կարծում, որ միջազգային կառույցները կուզեն գործ ունենալ հանցագործների եւ դիվերսանտների հետ: Չի բացառվում, որ հիստերիկ աղմուկ բարձրացնեն, բայց դա մեզ վրա որեւէ ազդեցություն չի գործելու: Կարծում եմ՝ որեւէ կառույց չի ցանկանա թաթախվել ադրբեջանական այս աննորմալ պահվածքի մեջ` հաշվի առնելով, որ Սաֆարովին հերոսացրել են, հիմա էլ ուրիշ դիվերսանտ-հանցագործներին պետք է պաշտպանեն:
-Այնուամենայնիվ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ արդյո՞ք հնարավոր է օտարերկրյա պաշտպաններ ներգրավվեն գործին: ԼՂՀ-ն պատրա՞ստ է ընդունել օտարերկրյա պաշտպանների:
-Մենք ունենք մեր սեփական ռեսուրսները, եւ ներկա դրությամբ այլ կողմի պաշտպանության կարիք չկա, բայց կյանքը ցույց կտա:
-Վերջին ամիսների ընթացքում բավականին ակտիվ կերպով գերիների փոխանակում տեղի ունեցավ: Ավելին՝ ԼՂՀ ներթափանցած դիվերսանտին վնասազերծելու ժամանակ փոխհրաձգության հետեւանքով մահացածներից մեկի դին էլ հանձնվեց Ադրբեջանին: Հնարավո՞ր է, որ դատավճռի հրապարակումից հետո ողջ մնացած մյուս դիվերսանտներն էլ հետ ուղարկվեն Ադրբեջանին:
-Խնդիրն այն է, որ այդ մարդիկ չեն պատկանում այնպիսի կատեգորիաներին, որոնք նշված են ժնեւյան կոնվենցիաներում: Նրանք հանցագործներ են, եւ եթե Ադրբեջանը ընդունում է, որ սրանք իրենց բանակի մարտիկներ են, զինծառայողներ կամ հատուկ ծառայություն իրականացնողներ, ապա դրա մասին պետք է բացեիբաց հայտարարի: Բացի այդ, նրանք կատարել են դիվերսիոն աշխատանք, մարդասպանություն, քրեական հանցագործություններ, եւ բնական է՝ Ադրբեջանը իրեն քցել է, այսպես ասած, յուրահատուկ իրավիճակի մեջ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՎԱՂԱՐՇԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից տոնավաճառի սեղանիկները կոտրելու մասով հարուցված քրգործը կարճվել է, քանի որ նրա գործողություններում հանցակազմ չկա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վաղարշ Աբրահամյանի հետ:
-Դուք արդեն ստացե՞լ եք ծանուցումը, որ հանցագործ չեք, թե՞ մամուլի հրապարակումներից եք տեղեկացել, որ չեք պատժվի:
-Տեղյակ չեմ: Երեւի կստանամ, եսիմ: Բայց ի՞նչ էր եղել, որ ինչը կարճվեր: Ա՛յ մարդ, ըսենց բան կլինի՞, չեն թողնում՝ մարդիկ աշխատեն: Չե՞ն ասում 500 մլն դրամ ամսեկան հարկ է տալիս էս մարդը, ջղայնացել, իրա սեղանը քաշել ա էս յան: Ո՞ւմ եմ վիրավորել, էս ի՞նչ բան է:
-Անակնկա՞լ էր Ձեզ համար այդ որոշումը, թե՞ ի սկզբանե գիտեիք, որ քրգործը կարճվելու է:
-Հիմա ի՞նչ կարեւոր է: Ես էլ էս քանի օր է՝ չէի քնում:
-Դուք հարցաքննվե՞լ եք Ձեր դեմ հարուցված քրգործի շրջանակներում:
-Մեռա գրելով, այ մարդ, թանաքս պրծավ: Ի՞նչ է եղել, մի սեղան է շարժել եմ, ինչ ենք արել, հա՛յ, հա՛յ:
-Անկեղծորեն ասեք՝ չե՞ք զղջում, որ քաղաքացու ունեցվածքը կոտրել եք:
-Իմն էր այդ գույքը:
-Պարո՛ն Աբրահամյան, եթե վաճառականները նորից սկսեն բողոքի ակցիաներ կազմակերպել, Դուք նորի՞ց նման կերպ կվարվեք:
-Ես էլ կմիանամ իրենց, ես էլ եմ բողոքելու: Ես իրենց ուղղորդելու եմ Հանրապետության հրապարակ: Անպայման, առաջինը ես եմ լինելու ու սպիտակ գույնի դրոշակով կգնամ, կհանձնվեմ:
-Ո՞ւմ եք հանձնվելու:
-Մեր ընտիր կառավարությանը, որ ամեն ինչ անում է՝ մեր հասարակության լավ աշխատելու համար: Ուղղակի հերոսական աշխատանք են կատարում: Բայց իմ վիճակն է ծանրացել: Ես միտինգ եմ անելու:
-Ինչո՞ւ:
-Անհավասար պայմաններ է ստեղծված այս շուկայում: Ես ավելի վատ վիճակում եմ, քան այս ժողովուրդը, որ ոսկու առքուվաճառքով է զբաղված: Արտասահմանից զարդը ներկրում եմ, 32 տոկոս սահմանի վրա հարկվում եմ, ինձ այս պետությունը թալանում է: Այս բառը խնդրում եմ մուգ գրեք, որ երեւա կամ կարմիր թանաքով: Իրենք գողացած, ծոցերը մտցրած, բերում են 10 տոկոս ավելով ծախում են, իրենցը ծախվում է, իմը՝ չէ: Ես էլ բանկրոտ եմ ընկնում: Իրենք էլ լկտիանում են, ու ինձ ասում են՝ թանկ ես ծախում: Իրենք լկտիացել են: Իրենցով պետք է համապատասխան մարմինները զբաղվեն:
-Ովքե՞ր: Անուններ կարո՞ղ եք նշել:
-Ովքեր ապօրինի, առանց փաստաթղթի աշխատանք են կատարում, բերում են ու վաճառում են, բայց հարկ չեն ուզում տալ պետությանը: Ես չգիտեմ նրանց անունները:
-Պարո՛ն Աբրահամյան, տեղեկություններ կան, որ Դուք հեռախոս եք նվիրել այն կնոջը, ում սեղանը կոտրեցիք բողոքի ակցիայի օրը: Ավելին՝ այս միջադեպից հետո Դուք սկսեցիք բարեհամբույր վերաբերվել Ձեր վաճառականներին: Հաջողվե՞ց մեղմել Ձեր վարձակալների զայրույթը:
-Ինչի՞, չունե՞ր ինքը հեռախոս: Ես տեղյակ չեմ: Գոնե մի սիրունատես աղջիկ էլ լիներ, ա՛յ մարդ: Կինս իմանա, մանթո կընկնի:
-Իսկ տեսանյութից հետո որեւէ պաշտոնյա չկանչե՞ց Ձեզ` նախատելու:
-Անհարմար վիճակի մեջ եմ ընկել. բոլորն ամոթանք են տալիս: Ասում են՝ էսի անելու բանա, քեզ չի սազում, դու հավասարակշռված, Փարիզում դաստիարակություն ստացած մարդ ես, էտի անելու բան էր, որ արեցիր: Գոնե մի հատ հայհոյեիր, ջղայնությունդ կիջներ: Փարիզում եմ ես ծնվել:
-Կոնկրետ ովքե՞ր են ամոթանք տվել:
-Ինչքան մարդ կա ինձ ծանոթ ու անծանոթ, բոլորն էլ անհարմար վիճակի մեջ են ինձ գցում:
-Բայց Դուք հիմա զղջո՞ւմ եք Ձեր արածի համար:
-Այ աղջիկ ջան, ի՞նչ եմ արել, որ զղջամ:
-Քաղաքացուն վիրավորել եք, կոտրել նրա գույքը, խոչընդոտել:
-Իմ սեղանն է եղել: ԽՈՍ ՉՈՎ վպ րՑօՊվՏ: Իր ունեցվածքը չուներ մեջը: Վաճառականները, սովորաբար, մասաժ անող բարձեր են դնում իրենց տակները, այդ սեղանի մեջ դրանից կար:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՄԱՐԶԵՐ
ՄՈՎՍԵՍԻ ԴԺՎԱՐ ԱՌՕՐՅԱՆ
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16-ից 17-ը, ադրբեջանական զինուժը դարձյալ կրակ է բացել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի վրա: Գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ կրակել են ոչխարի հոտի, գյուղի տրակտորի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: «Ժողովուրդ»-ը համայնքի ղեկավարից հետաքրքրվեց, թե այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական գնդակոծության պատճառած վնասները փոխհատուցելու նպատակով պետբյուջեից հատկացված գումարը ե՞ րբ է վճարվելու մովսեսցիներին: Ա. Ավալյանը հայտնեց, որ 178 մովսեսցի եկող շաբաթվա սկզբում բանկերի միջոցով կստանա ընդհանուր առմամբ 4 միլիոն 353 հազար 600 դրամ: Այդ գումարներով նրանք կնորոգեն ազերիների գնդակոծությունից վնասված իրենց տների տանիքներն ու պատուհանները: Մովսեսի գյուղապետն ասաց, որ ներկայումս Կարմիր խաչի ֆինանսավորմամբ գյուղի մի թաղամասը սնուցող խմելու ջրագիծ է կառուցվում, որի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին: Նշենք, որ սահմանամերձ Մովսեսում շատ վատ է խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման վիճակը: Նաեւ այդ պատճառով է՝ մովսեսցիների մի մասը արտագաղթել Ռուսաստան, հիմնականում՝ Մոսկվա: Արարատ Ավալյանն ասաց, որ իրենք դիմել են երկրի նախագահին, որպեսզի գյուղի խմելու եւ ոռոգման հին, մաշված ջրագծերը հիմնանորոգվեն: Դրա արդյունքում կնվազեն ջրի կորուստները: Մովսեսի կենտրոնական փողոցի երկայնքով կա 12 աղբյուր, որտեղից բնակիչները ջուր են կրում: Մեր հարցին, թե որքանո՞վ է հարիր 21-րդ դարում ձեռքով ջուր կրելը, գյուղապետն արձագանքեց, թե հիմա խմելու ջուր են տեղափոխում 50-60 մետրից, իսկ տարիներ առաջ, երբ ինքը պատանի էր, 300 մ հեռավորությունից էին ջուր կրում: Գյուղում թաղեր կան, ուր խմելու ջուր են ստանում իրենց տանը գտնվող ծորակներից, 4-5 օրը մեկ:
ԲԱՆԴԱ՞ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ
Հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում անհայտ անձը կամ անձինք Անկախության 23 հասցեի իննհարկանի շենքին կից հրապարակում hին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության եւ հաղթանակի գերագույն աստված Վահագն Վիշապաքաղի արձանի գլխին սպիտակ փրփուր են քսել, կարմիր ներկ՝ ձախ կրծքին, սպիտակ փրփուր եւ կապույտ ներկ՝ աչքերի տակ: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը կատարված բարբարոսության կապակցությամբ դիմել է ոստիկանություն: Բացի այդ, անհայտ անձինք Իջեւանում ջարդել են փողոցային երթեւեկության բազմաթիվ նշաններ, ինչպես նաեւ՝ քաղաքային զբոսայգուց Աղստեւի ափ տեղափոխված քանդակների գիշերային լուսավորության 6 լամպ: Մնում է հուսալ, որ ոստիկանությունը կբացահայտի այդ չարագործությունների հեղինակներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ