ՄԻՆՉ ՕՐՍ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՎԵԼ ԱՐԱՐՉԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Այնպես որ, պարոնա՛յք, ընտրությունը մերն է՝ ամբողջ մարդկության խաղաղ կյանք կամ տիեզերքի մահ` դժոխքում
Մի՞թե մենք բոլորս ծնվում ենք, որպեսզի միմյանց հրելով՝ դուրս գանք ժողովրդի միջից եւ դառնանք տարբերվող, առաջինը կամ լավագույններից լավագույնը, որպեսզի այնուհետ տհաճությամբ նայենք նույն ժողովրդին, որտեղից ինքներս ենք դուրս եկել, ծաղրենք մարդկանց, թալանենք, տանջենք, պատժենք ու նույնիսկ ոչնչացնենք: Փաստորեն, ջունգլիների օրենքը միայն ջունգլիներին չի վերաբերում, այն դուրս է եկել նույն ջունգլիներից ու տարածվելով բոլոր մայրցամաքներով՝ հաստատվել ու մնացել է յուրաքանչյուր մարդու գենետիկայի մեջ:
Այս օրենքների մասին, իսկապես, պետք չէ խոսել կամ հոդվածներ գրել, որովհետեւ դրանք ապրում են յուրաքանչյուրի մեջ, ներխուժում յուրաքանչյուր անգամ, երբ սնվում ենք, սեռական ձգողություն ենք ունենում, աշխատում ենք, գնում ենք գնումների եւ այլն:
Սպորտային, բարձրաշխարհիկ եւ այլ միջոցառումների ժամանակ այդ օրենքներն ուզում են դրսեւորել իրենց, ու կարծես ո՛չ քաղաքակրթությունը, ո՛չ գիտությունը, ո՛չ առաջընթացը, ո՛չ բարձրաշխարհիկ հասարակությունը ոչ մի կերպ չեն կարող մեր միջից դուրս հանել այդ հրեշային գենը:
Ինչպես էլ որ զարգանա գիտությունը 21-րդ դարի ընթացքում, ջունգլիների օրենքով առաջնորդվելը, այսինքն` եսամոլությունը, մնում է ամենաարդիականը մարդկային բնավորության մեջ: Մի՞թե մարդկությանը դժվար է հասկանալ, որ այս ամենը պետք է վերջ ունենա: Ամեն բանի համար կարգ պետք է դառնա ոչ թե ջունգլիների, այլ խաղաղության օրենքը: Հենց այս օրենքի մեջ է կյանքի դինամիկան եւ ներդաշնակությունը: Զարգացման ու էվոլյուցիայի մեջ կարեւորը ոչ միայն պայթյունն ու արագությունն են, այլեւ էներգետիկական ալիքների հանգստությունը, ներդաշնակությունը:
Հասարակությունը պետք է ունենա այնպիսի օրենքներ, որոնք քարշակի նման կձգեն ետեւից եկողներին, ոչ թե նրանց կանջատեն պոչից կամ կթողնեն, որ մահանան անկարողության լարվածությունից:
Մեր մոլորակը մեկն է բոլորի համար, եւ նրա հարստությունները նույնպես պատկանում են ամենքիս: Չպետք է թույլատրել, որ այդ ունեցվածքը յուրաքանչյուրն օգտագործի այնպես, ինչպես ուզում է եւ ում հետ ուզում է, ոչնչացնի մեր մայր ու կերակրող Երկրի հարստությունները, առողջությունն ու ուժը: Մարդկությունը պետք է մարդկային օրենքներով ապրի եւ ոչ թե` ջունգլիների: Մենք պետք է փոխենք կյանքի վերաբերյալ մեր կարծրատիպերը: Խորքում հարստությունը` ամենամեծ մեղսունակ սովորությունն ու ձեռքբերովի կարողությունը, որը մենք կուտակել ենք ողջ էվոլուցիոն զարգացման ընթացքում: Եվ, ինչպես ցույց է տալիս կյանքը, մեր բոլոր դժբախտությունները սկսվում են կուտակված կամ կորսված հարստություններից:
Սա վերաբերում է մարդուն, հասարակությանը, պետություններին, ու սա է պատճառը, որ մեր աղոթքների ամենակարեւոր խնդրանքը մեղքերի թողության խնդրվածքն է: Մի՞թե միլիոնավոր համալսարանները, ուսումնական, գիտահետազոտական կենտրոնները, միջազգային ֆոնդերը մարդկության համար քայլ առ քայլ չեն կարող բացահայտել, բացատրել աստվածաշնչյան տասը պատվիրանները բազմաթիվ անպետք սահմանադրությունների եւ օրենքների փոխարեն: Մենք Աստծուց ենք ծնված եւ հենց նրա կողմից հավասարության ու ազատության պարգեւ ունենք, բայց, արի ու տես, ինքներս մեզ անկյուն ենք գցել, թվացյալ պետություններ ու ղեկավարներ ենք ստեղծել մեր գլխների վրա, որոնք «կախարդական» հնարքներով թվացյալ ընտրություններ են անցկացնում` «տոհմական» կուսակցական տանիքների եւ ուժային կազմակերպությունների կարողությանն ապավինելով:
Մենք ինքներս ենք մեզ համար խնդիրներ ստեղծում եւ այնուհետեւ հերոսաբար մարտնչում՝ դրանք հաղթահարելու համար: Ստեղծված լինելով որպես մարդ՝ մենք վերածվել ենք մարդուկների եւ թույլ ենք տալիս, որ մեզ ամբոխ անվանեն:
Ինչու ինչ-որ մարդուկներ կարող են զարգացած մարդկության անունից վերացնել այն, ինչ ստեղծվել է հարյուրամյակների ընթացքում՝ հազարամյա մի երկիր կամ դարավոր մի սովորույթ՝ ԱՖղանստան, Քուվեյթ, Իրաք, Եգիպստոս, Սիրիա, Լիբանան, աֆրիկյան երկրներ, Աբխազիա, Աջարիա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Բոսնիա-Հերցեգովինա, Ղրիմ, Ուկրաինա եւ այլն: Ո՞րն է հաջորդը… Ժամանակը մեզ երկար սպասել չի տա, որովհետեւ ջունգլիների հրեշները` ատամները սրած, մեզ չեն թողնի հանգիստ ապրել. նրանք մարդկային արյուն են փափագում… Ստեղծելով համացանցը, բանկային համակարգը, Ինտերպոլը եւ մի շարք այլ կազմակերպություններ, նրանք ամբողջ մոլորակը բաժանել են իրենցականների եւ թշնամիների: Եվ այսպես՝ ջունգլիների օրենքները հաղթում են մարդասիրությանը:
Այսպիսով՝ մենք ստեղծել ենք բեւեռային իրավիճակ համաշխարհային մակարդակում, որը վաղ թե ուշ կհանգեցնի սոցիալ-քաղաքական ցունամիների՝ ուղղահայաց համակարգում, եւ երկրաշարժերի՝ հորիզոնականում: Եվ այս ամենը կտանի աշխարհի կործանմանը` համաղետի, Երկիր մոլորակի պայթյունի, որը կհանգեցնի նաեւ մյուս մոլորակների տեղահանվելուն:
Հետեւությունը մեկն է՝ մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր ընտանիքների, քաղաքների, երկրի, այլեւ մեր մոլորակի, տիեզերքի համար: Այնպես որ, պարոնա՛յք, ընտրությունը մերն է՝ ամբողջ մարդկության խաղաղ կյանք կամ տիեզերքի մահ` դժոխքում:
Շարունակությունը` հաջորդ համարում
Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր)
ԿՀԱՅՏՆՎԻ ԴՐՍՈՒՄ
34 տարեկան Գեղանուշ Գրիգորյանը 5-ամյա զույգ բալիկների՝ Մանվելի եւ Մարինկայի հետ բնակվում է Էրեբունի վարչական տարածքում գտնվող մեկ սենյականոց բնակարանում: Ութ ամիս է՝ Գեղանուշը երեխաների հետ վարձակալել է բնակարանն ամսական 45 հազար դրամով: Երկվորյակների մայրը չի աշխատում, քանի որ հաճախակի մի տեղից մյուսը տեղափոխվելու պատճառով երեխաների մանկապարտեզի հարցը լուծել չի կարողանում, իսկ նրանց առանց խնամքի թողնել հնարավոր չէ:
Երեխաների հայրն էլ հարբեցող է եւ վաղուց փոքրիկներով չի զբաղվում: Նա նույնպես բնակարան չունի, ապրում է անմարդկային պայմաններում՝ մի փտած ավտոտնակում: Ընտանիքի նպաստը 28000 դրամ է, ինչը տան վարձին անգամ չի բավարարում: Գեղանուշի խոսքերով՝ հիմա իրենց իր մայրն է օգնում, թոշակից գումար տալիս, որպեսզի աղջիկը դրսում չմնա: Հայրական տուն՝ Վարդենիկ գյուղ վերադառնալ չի կարող, քանի որ գյուղի տունը մեկ սենյակ է, որում արդեն իսկ բնակվում է 6 հոգի:
Հիմա Գեղանուշ Գրիգորյանի առաջնային խնդիրը տանիք ունենալն ու պատսպարվելն է, քանի որ ներկա բնակարանը նույնպես ժամանակավոր է. տանտերն ընդամենը 10 օր ժամանակ է տվել՝ վարձն անկանոն ու կիսատ վճարելու պատճառով:
Մեզ հետ զրույցում Գեղանուշն ասաց, որ ոչ մի բարերարի չի հավատում: Կնոջ խոսքերը նախկինում ունեցած դառը փորձի հետեւանք են: Դեռ մեկ տարի առաջ Գեղանուշն իր երեխաների հետ հյուրընկալվել էր «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մարդկային գործոն» հաղորդաշարին, որտեղ ներկայացվել էր ընտանիքի տխուր վիճակը: Ասաց, որ հաղորդման հետ մեծ հույսեր էր կապում, քանի որ հայտնվել էր մի բարերար՝ ոմն Գոռ, ով նյութական թեթեւակի աջակցություն ցուցաբերելուց հետո խոստացավ հաղորդման շրջանակներում լուծել ընտանիքի կացարանի հարցը: Դրամական օգնություն հավաքելու նպատակով Գոռն արեց ամեն ինչ, որպեսզի տվյալները տարածվեին, եւ օգնություն ցուցաբերողների թիվն ավելանար:
«Գոռը եկավ, մի ստացական բերեց, ասաց, որ ստորագրեմ, ես էլ ստորագրեցի, հասկացա, որ հավաքված գումարի չափն էր, հետո գնաց՝ հույս տալով, որ մի քանի օրից կգա եւ բնակարանի հարցը կլուծի, էն գնալն էր, որ գնաց»,-պատմեց Գեղանուշը:
Այլեւս չհավատալով հեռուստատեսության եւ մամուլի օգնությանը՝ Գեղանուշ Գրիգորյանը, այնուամենայնիվ, մեզ խնդրեց՝ ինչ-որ կերպ, ինչ-որ մեկի միջոցով լուծել բնակարանի հարցը, այլապես տասն օրից երկու երեխան ձեռքին` կհայտնվի դրսում:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ