ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԿՎՆԱՍԻ
Հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության մասին պայմանագիրը: Այն, որ այդ անդամակցությունը ենթադրում է շեշտակի փոփոխություններ երկրի քաղաքական, տնտեսական դաշտում, ակնհայտ է, իսկ ինչպե՞ս կազդի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը երկրի մշակութային կյանքի վրա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ:
-Պարո՛ն Ադամյան, Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագիրը: Եթե այս պայմանագիրը վավերացվի, Հայաստանի մշակութային կյանքում ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:
-Իմ կարծիքով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը սպառնում է միայն բացասական ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության, քաղաքականության, մշակույթի, եւ, կարծում եմ, բոլոր ոլորտների վրա: Մեր մշակութային կյանքում որեւէ դրական փոփոխություն չի լինի: Համապատասխան պատկան կառույցները, եթե աշխատեն ըստ պատշաճի եւ ըստ արժանվույն, այդ դեպքում միայն Հայաստանի մշակութային կյանքի բացերը կլրացվեն: Անհատներն իրենց ուժերի ներածին չափով անում են ամեն ինչ՝ երկրում մշակութային բարձրակարգ մթնոլորտ ապահովելու համար, սակայն այդ անհատների կողքին պետք է կանգնեն նաեւ այն կառույցները, որոնք ի զորու են պետական մակարդակով փոփոխություններ իրականացնել: Եթե մշակույթում ակնհայտ դրական տեղաշարժեր լինեն, հիմա կարող են լինել, բայց ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ դրական փոփոխությունների հավանականությունն ավելի է նվազում:
-Բայց չէ՞ որ յուրաքանչյուր անհատ, մշակութային գործիչ ինքն էլ իր հերթին կարող է մշակութային ոլորտում դրական փոփոխություններ կատարել:
-Մեր մշակույթն իրապես գնահատողները, սրտացավ անհատներն անում են ամեն ինչ, բայց եթե այդ անհատների կողքին չկան այնպիսի մարդիկ, ովքեր ի պաշտոնե կարող են օգնել, օժանդակել երկրի մշակույթը բարձր պահողներին, ապա միայն մարդկանց որոշակի խմբի ջանքերը շատ հաճախ ապարդյուն են լինում:
-Հոկտեմբերի 10-ը Հայաստանի համար նշանավորվեց նաեւ նրանով, որ ոչ իշխանական ուժերն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեցին` հանդես գալով իշխանափոխության պահանջով:
-Ոչ իշխանական ուժերի պահանջները, կոչերն իրենց արդյունքը հետագայում միայն կտան: Երեք կուսակցություններ, այնուամենայնիվ, միավորված են մի քանի հարցերի շուրջ ու որոշել են միասնաբար լուծում տալ այդ հարցերին: Ա՛յ, դա է դրական հատվածը: Այսինքն՝ ինչքան շատ մարդ միավորվի մեկ գաղափարի շուրջ, եւ եթե այդ գաղափարն իրապես բխի երկրի շահերից, այնքան դրա արդյունքում կշահի ժողովուրդը:
Ինձ համար շատ կարեւոր է այն հանգամանքը, որ մարդիկ իրական գաղափարների շուրջ համախմբվեն: Մյուս հանրահավաքից էլ շատ բաներ պարզ կլինեն: Այսինքն՝ ավելի հստակ կլինի, թե այդ ոչ իշխանական ուժերն իրականում ինչի են պատրաստ, եւ այդ ուժերի շուրջ միավորվողներն ինչ արդյունքի կհասնեն: Մարդիկ պետք է մարգինալ վիճակներից դուրս գան: Միայն այդքանը կարող եմ ասել:
-Ոչ իշխանական եռյակին ընդդիմություն համարո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Դա ես չէ, որ պիտի ասեմ: Ժողովուրդը պետք է համարի, եւ դա պետք է լինի հետեւյալ կերպ. եթե ոմանք գալիս են նախապես ինչ-որ բան հայտարարած, ապա արդյունքներին հետեւելով` մենք կարող ենք հետեւություններ անել՝ սո՞ւտ էր, թե՞ ճիշտ: Այդ ամենը տեսանելի կլինի հետագայում: Ներկայում դատողություններ, մեկնաբանություններ անելը միայն մակերեսային մակարդակում է հնարավոր: Լուրջ մեկնաբանությունները եւ տեսանելի արդյունքները հետագայում կերեւան: Ինձ համար հիմա ավելի կարեւոր է իշխանափոխության հարցը, քան այն «բորշը», որն իշխանությունն արդեն սարքել է: Այսինքն` այն, ինչ հիմա լինում է, ներկայիս ապաշնորհ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած Բիբիգուլ Տոլեգենովայի անվան դասական մեներգեցողության 7-րդ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մանե Գալոյանն արժանացել է առաջին եւ «Ղազախական կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակների, իսկ Հայկ Թոնգուրյանին շնորհվել է երկրորդ մրցանակ:
Մրցույթին մասնակցել են ԱՊՀ երկրների 60 մեներգիչ: Ժյուրիի կազմում է եղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը:
«ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԳՈՐԳ»-Ը ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 18-23-ը Սպիտակ տան այցելուների սրահում կցուցադրվի Ղազիրի գորգը, որ հայտնի է նաեւ «Հայ որբերի գորգ» անվամբ: 1925 թվականին «Հայ որբերի գորգ»-ը նվիրվել է նախագահ Քուլիջին՝ տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար:
Գորգը գործվել է 1920թ. հայ որբ աղջիկների կողմից, որոնք 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել եւ տեղահանվել են, եւ պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թվականին: Գորգը հարուստ դետալներով մի աշխատանք է, որը կարող է զարդարել նույնիսկ ամենամեծ եւ հանդիսավոր սենյակները: Հետեւելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր եւ կենդանիներ, որոնք պատկերում են դրախտը: Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմ՝ Լիբանանում):
ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻՆ
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը Փարիզում հանդիպել է համաշխարհային աստղ Pharrell Williams-ի հետ: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու պաշտոնական էջից, որտեղ Աստղիկը նոր լուսանկարներ է հրապարակել եւ մակագրել. «Անմոռանալի հանդիպում եւ հաճելի զրույց ունեցա աշխարհահռչակ Pharrell Williams-ի հետ, Փարիզում, ում արվեստը եւ երաժշտությունը միշտ ոգեշնչել է ինձ դեռ մանկուց… Մեծագույն արտիստ, բազմատաղանդ ու հետաքրքիր մարդ, ում համեստությունն անսահման է…»,- գրել է երգչուհին: Վերջինս հանդես է եկել եւս մեկ մակագրությամբ. «Աշխարհի լավագույն պարուսույց լեգենդար Fatima Robinson-ի հետ, Փարիզում, Pharrell Williams-ի ապրանքանիշի Փարիզյան փակ շնորհանդեսին»:
ԿԼՈՐԱՑԱԾ ՓՈՐԻԿՈՎ
Վերջերս «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը հաստատեց մամուլում տարածված այն տեղեկությունը, համաձայն որի ինքը բալիկի է սպասում: Գեղեցկուհին նաեւ հրապարակեց նոր լուսանկարներ, որոնցում երեւում է նրա կլորացած փորը:
«Վիցե միսս Եվրոպան» լուսանկարները մակագրել է հետեւյալ կերպ. «Ամենագեղեցիկ բանը, որը կարող էր պատահել»: Նա նկարներում իր քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ է, ով տվյալ պահին եւս հղի էր եւ սպասում էր երրորդ բալիկին: Իրինայի դստրիկը սեպտեմբերի 15-ին արդեն լույս աշխարհ է եկել: Իսկ Լուսինեի բալիկը կծնվի երեք ամսից:
ԵՐԳԵԼ Է ԳՈՒՐՑԿԱՅԱՅԻ ՀԵՏ
10-ամյա տաղանդավոր փոքրիկ Հովհաննես Հովհաննիսյանը, ով սովորում է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում, մասնակցել է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար կազմակերպվող «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային փառատոնին, որի շրջանակներում զուգերգով հանդես է եկել ռուսական էստրադայի հայտնի երգչուհիներից մեկի՝ Դիանա Գուրցկայայի հետ: Նրանք հայերենով կատարել են Արթուր Գրիգորյանի երգացանկից մի երգ:
Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է Հայաստանում: Ծնողները հրաժարվել են նրանից: Երեխան այժմ ապրում է հայ քահանայի ընտանիքում:
ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Երգչուհի Մաշա Մնջոյանը` «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերարշրջանի հաղթողը, ով նաեւ նախորդ տարի մեր երկիրը ներկայացրեց «Նոր ալիք» երաժշտական մրցույթում, օրերս լույս է ընծայել իր առաջին տեսահոլովակը: Տեսահոլովակը նկարահանվել է «Հայաստան» երգի հիման վրա: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը գյումրեցի Արմինե Հովհաննիսյան է, գործիքավորումը Կարեն Անանյանինն է, նվագում է Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: