ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական կայքից
Քաղաքական դաշտում իր խաղացած շախմատի ունակությունները հիմա էլ Սերժ Սարգսյանը փորձում է խաղատախտակին կիրառել: Հուսանք՝ խաղը չի ավարտվի շախմատի թագուհու արտագաղթով:
ՀԱՐՑ. Մեկ ամիս առաջ ձեռք էի բերել ճամփորդական անձնագիր: Բնակարանս վերանորոգելու հետեւանքով կորցրել եմ այն: Կցանկանայի տեղեկանալ՝ նոր ճամփորդական անձնագիր ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, որքա՞ն գումար պետք է վճարեմ, եւ ի՞նչ ժամկետում կտրվի այն:
Քնար Սարգսյան (25 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ անձնագիրը փոխելու համար քաղաքացին ներկայացնում է՝ 1) դիմում, 2) փոխանակման ենթակա անձնագիրը (բացառությամբ կորստյան դեպքերի), 3) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները), 4) պետական տուրքի վճարման անդորրագիր:
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ աձնագիր ստանալիս (փոխանակելու համար քաղաքացին ՀՀ-ում լուսանկարվում եւ հանձնում է մատնադրոշմները ոստիկանությունում, իսկ օտարերկրյա պետությունում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում: Ըստ նույն հոդվածի 12-րդ մասի՝ անձնագիրը ՀՀ-ում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում՝ գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս տարվանից սկսած ` ՀՀ քաղաքացին նոր անձնագիր ստանալու համար 25.000 դրամ պետք է վճարի կենսաչափական քարտի եւ 3.000 դրամ նույնականացման քարտի համար: Նշենք, որ օրերս կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մ. Սարդարյանը լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք թանկ չէ 25.000 դրամը կենսաչափական քարտի համար, պատասխանեց, որ եթե ՀՀ քաղաքացին կարողանում է ճամփորդել, ապա նրա համար 25.000 դրամը խնդիր չէ: Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ հաշվարկներ են կատարել նման եզրակացության համար: Չէ՞ որ բոլորին էլ հայտնի է, որ Հայաստանից դուրս գնացողները հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներն են, ովքեր, մեղմ ասած, լավ օրից չէ, որ գնում են: Ուստի նրանց համար 25.000 դրամը խնդիր է, ընդ որում` բավականին զգալի:
ՀԱՐՑ. Պարենային մթերքների գինն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: 5.6 %-ով թանկացել է նաեւ բանջարեղենը: Ինչո՞վ է պայմանավորված գների նման կտրուկ աճը, եւ հնարավո՞ր է՝ առաջիկայում գյուղմթերքի այլ թանկացումներ եւս լինեն:
Նարինե Ղազարյան (38 տարեկան, սոցիոլոգ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 0.7 % գնաճ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում: 2014 թ. սեպտեմբերին 2013 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ընդամենը 1.7 %, իսկ 2014 թ. օգոստոսի համեմատ՝ 5.9 % գնաճ: Ձեր գրության մեջ նշված 5.6 % գնաճը վերաբերում է մայրաքաղաքում բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակին նախորդ ամսվա (օգոստոսի) համեմատ: Ընդ որում, ասվածին զուգահեռ պետք է նշել նաեւ այն հանգամանքը, որ 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 4.4 % գնանկում, ինչն էլ պայմանավորված է խաղողի 30.5 %, սալորի 28.5 %, խնձորի 14.8 %, դեղձի 10.7 % եւ տանձի 7.1 % գնանկումով: Օգոստոս ամսվա համեմատությամբ սեպտեմբեր ամսին գրանցված բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գնաճը պայմանավորված է գյուղատնտեսական մթերքների արտադրության առանձնահատկություններով, մասնավորապես բերքի հասունացման եւ բերքահավաքի ժամկետներով: Գնաճի եւ գնանկման վրա բացի վերը նշվածից ազդում են այլ գործոններ, մասնավորապես բնակչության վճարունակ պահանջարկի, ներմուծման ծավալների փոփոխությունը եւ այլն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ըստ վիճակագրական տվյալների՝ 2014թ. 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հիմնականում պարենային մթերքների գնաճ, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Սակայն հիշեցնենք, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հնարավոր է է՛լ ավելի կտրուկ գնաճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրանքների մեծ մասը ներկրվելու է ԵՏՄ-ի անդամ երկրներից, որտեղ կրկնակի բարձր մաքսատուրքերի դրույքաչափեր են սահմանված: