Հայտնի ֆիլմի՝ «Ոսկե հորթ»-ի հայտնի հերոսը՝ Պանիկովսկին, հանդիպում է նաև մեր օրերում: Ֆիլմի հերոսը սագագող էր, իսկ մեր հերոսը կասկածվում է ցուլ գողանալու մեջ: Պանիկովսկին, սակայն, բազմիցս էր ազատազրկվել իր կատարած գողությունների համար, իսկ այնթափցի Սամվելը դեռևս չէր ձերբակալվել:
Այսօր Երևանի Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ արած 40-ամյա Սամվել Թովմասյանը նման քայլի է գնացել, քանի որ նրան այսօր հավանաբար պետք է ձերբակալեին: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Սամվելի պաշտպան Գայանե Գալոյանը, ում փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը կասկածվում է գողություն կատարելու մեջ:
«Այս պահին նա դեռ հիվանդանոցում է, հիմա գնում եմ մոտը՝ իմանալու՝ ինչպես է: Այսօր պետք է ցուցմունք տար, ու հավանաբար նրան ձերբակալելու որոշում կկայացվեր: Սամվելն էլ երևի մտածել է, որ պետք է ձերբակալեն, այդ պատճառով էլ նման քայլի է դիմել»,- ասաց փաստաբան Գայանե Գալոյանը:
Վերջինս պատմեց, որ Ս. Թովմասյանն Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ է և օրեր առաջ ընկերոջ հետ դաշտում ցլիկ է տեսել, բարձել է սայլին և տարել՝ փորձելով գտնել տիրոջը: Այն ժամանակ, երբ տերն իմացել է ցլիկի գտնվելու վայրը, գնացել և հետ է պահանջել, և Սամվելն այն վերադարձրել է: Սակայն այդ պահին ցլի տիրոջ ու Սամվելի միջև վիճաբանություն է սկսվել, ինչից հետո տերը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Հաջորդ օրը, սակայն, նա իր բողոքը հետ է վերցրել:
Պաշտպան Գալոյանը հայտնեց, որ Սամվելն ամուսնացած չէ, և մի ցլիկի պատճառով նման պատմության մեջ ընկավ: Սամվել Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կատարված գողություն):
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Կիևյան կամրջից ցած նետվելու փորձ է կատարել 40-ամյա Սամվել Թովմասյանը, ով բերանում ածելի էր դրել և արձակել ավելի վաղ կարած բերանը: ԱԻՆ փրկարար ջոկատին հաջողվել է նրան հետ պահել այդ քայլն անելուց, և շտապ օգնության մեքենայով նա տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով խոստացել է Սամվելի պահանջները կատարել: