«Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևան քաղաքում» նախագծի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին անցկացված Հայ-ռուսական գործարար համաժողովի պատվիրակները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է համակողմանի, այդ թվում նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել ռուս գործարարներին`տեղի ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և մտքեր փոխանակել ոլորտի ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ռուսական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց ընկերությունների գործարար ուղղությունները` մասնավորապես ջեռուցման համակարգերի, կոմունալ-կենցաղային, ճանապարհաշինական տեխնիկայի, սննդի արդյունաբերության և այլ բնագավառներում:
Ռուսական պատվիրակության երևանյան այցի շրջանակում կկազմակերպվեն նաև գործարար այլ հանդիպումներ, իսկ առաջիկայում՝ նաև փոխայցելություններ: