ԱԺ ՀԱԿ խմբակցությունում կրքերն օր օրի թեժանում են, քանի որ հանրահավաքային պայքարին եւ եռյակի վարած քաղաքականությանը «մասնակցում» են միայն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ քարտուղար Արամ Մանուկյանը, իսկ մյուսներին հորդորել են «չխառնվել»: ԱԺ ՀԱԿ խմբակցության մյուս անդամները գործընթացին չեն մասնակցում, քանի որ որոշվել է, որ այս պայքարը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պայքարն է լինելու, ուստի Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը որեւէ բանից տեղյակ չեն: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ տարաձայնություններ են առաջացել ԱԺ ՀԱԿ խմբակցությունում, եւ արդյոք նա մասնակցելու է հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին:
-Տիկի՛ն Սարգսյան, Դուք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ կոչ արեցիք Ձեր ղեկավարած ՎՍԴՀ կուսակցության անդամներին մասնակցել հանրահավաքին: Ի՞նչ ակնկալիքներ ու սպասումներ ունեիք այդ հանրահավքից, արդյո՞ք դրանք արդարացան:
-Մեր տեսակետը կար ու մնում է նույնը. մենք բոլորով մտել ենք մի պայքարի մեջ, որը վերջ ի վերջո մեր ժողովրդին պետք է բերի հաղթական հանգրվանի: Որովհետեւ երկրում տիրող այս իրավիճակն այլեւս տանելի չէ, ու ժողովուրդն էլ կարծես թե պայքարի այլ միջոց չունի իշխանությունների դեմ բացի հանրահավաքային գործընթացից, որով, ըստ էության, քաղաքական ուժերը փորձում են խմբագրել ժողովրդի պահանջներն ու դա պարտադրել իշխանությանը: Ու այստեղ մեր տեսակետների մեջ չի կարող փոփոխություն լինել, որովհետեւ մենք արդեն տարիներ շարունակ պայքարում ենք երկրում օրինականության հաստատման համար: Մենք այն դաշտում ենք, որտեղ պայքար է գնում: Ու մենք մեր գործընկերների հետ շարունակելու ենք մեր այդ պայքարը:
-Բայց ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀԱԿ-ում որոշում կա, որ այս պայքարը կուսակցական պայքար է, ու Դուք որեւէ կերպ այդ գործընթացին չեք «խառնվում»: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները, եւ ինչո՞ւ Դուք ակտիվ չեք, անգամ հանրահավաքի ժամանակ ելույթ չունեցաք:
-Ամեն դեպքում, ես ինչքան հասկանում եմ՝ ԱԺ խմբակցությունների ֆորմատով է այս պայքարն ընթանում, իսկ ես էլ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ եմ, հետեւաբար այստեղ ֆորմատի փոփոխություն չկա համեմայնդեպս ԱԺ-ում վարվող մեր աշխատանքների մեջ, որը նաեւ հանրահավաքային պրոցեսներում է հնչում:
-Հոկտեմբերի 24-ին Աժ ոչ իշխանական 3 ուժերը կրկին հանրահավաք են հրավիրել: Ըստ Ձեզ, ի՞նչ տվեց նախորդ հանրահավաքը հասարակությանը, եւ ի՞նչ կարելի է սպասել առաջիկա հանրահավաքից: Ի դեպ, Դուք մասնակցելո՞ւ եք:
-Այո՛, իհարկե: Իսկ հանրահավաքների նպատակը ո՞րն է, ի՞նչ է տալու դա հասարակությանը: Մենք ունենք կոնկրետ նպատակ՝ ազատվել այս իշխանություններից, որովհետեւ իշխանությունը դժգոհ է այս քրեաօլիգարխիկ համակարգի ձեւավորումից եւ իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունից, որը ոչ մի բան չի տալիս ժողովրդին: Ընդամենը իշխանության գրպաններն են հարստացվում, այս իշխանությունը միայն այս ուղղությամբ է աշխատում, իսկ թե ինչպես է ապրում ժողովուրդը, ինչ խնդիրներ ունի, ինչու է արտագաղթում, այդ մասին իշխանությունում որեւէ մեկը չի մտածում: Դա հուզում է այն քաղաքական ուժերին, որոնք այսօր փորձում են հանրահավաքային պահանջների միջոցով ժողովրդի պահանջները պարտադրել իշխանությանը: Այլ ճանապարհ մենք այսօր չենք տեսնում:
-Բայց կարծես թե ընդդիմությունն էլ դեռևս հստակ օրակարգ չունի: Օրինակ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես չի խոսում իրենց փողոց դուրս գալու, պայքարելու հիմնական նպատակի մասին: Դա Ձեզ չի հիասթափեցնո՞ւմ, հնարավո՞ր է առաջիկայում եռյակի քաղաքական ուժերը կրկին պառակտվեն:
-Ես նման բան չեմ տեսնում, ավելին՝ ես կարծում եմ, որ 3 խմբակցություններն էլ շատ հստակ գիտակցում են իրենց առաքելությունը ու շատ լավ հասկանում են, որ միայն միասնական պայքարում կարող են արդյունք գրանցել ու օգտակար լինել հուսահատ եւ հուսախաբ եղած մեր ժողովրդին: Պառակտման որեւիցե երեւույթ ես չեմ տեսնում եւ հույս ունեմ, որ ապագայում եւս պառակտում չի լինելու: Ավելին՝ ես տեսնում եմ վճռականություն, համառություն եւ միասնական կամք` շարունակելու պայքարը: Կարծում եմ, որ ոմանք ուզում են տեսնել այն, ինչը չկա:
-Նշվում է նաեւ, որ պառակտում կա ԱԺ ՀԱԿ խմբակցությունում…
-Չի կարող նման բան լինել, քանի որ մեր համատեղ որոշման արդյունքում է, որ մասնակցում ենք: Հետեւաբար հանրահավաքի ժամանակ ներկայացվում է մեր ամբողջ խմբակցության, մեր ամբողջ թիմի մոտեցումը:
Սոնա Գրիգորյան