Պետք չէ գայթակղվել էմոցիոնալ հայտարարություններից. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: Անդրադառնալով թափուր մնացած պաշտոններին՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ թափուր են մնացել Վայոց ձորի մարզպետի, փոխվարչապետի և Տարածքային կառավարման նախարարի պաշտոնները:

Անդրադառնալով վաղը կայանալիք երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքին՝ Շարմազանովը նշեց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր ուղին, և իրենք, բնականաբար, քաղաքական բազմակարծության կողմնակից են:

Այն հարցին, թե ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է եռյակի հանրահավաքը, Շարմազանովը պատասխանեց, որ եռյակի օրակարգը քննարկում են եռյակի անդամ քաղաքական ուժերը, իսկ ՀՀԿ-ն ունի իր օրակարգը և առաջնորդվում է իր օրակարգով։

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Շարմազանովը խորհուրդ տվեց չգայթակղվել որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների էմոցիոնալ հայտարարություններից: «Խորհուրդ կտամ, որ դուք էլ չհետևեք նրանց օրինակին և ձեզ վրա վերցնեք ժողովրդի անունից խոսելու իրավունքը»,- նշեց նա:

Անդրադառնալով արդեն  խորհրդարանի աշխատանքներին՝ նա նշեց, թե Հանրապետական խմբակցությունը երբեք չափը չի անցնում եւ մշտապես օգտագործում է խորհրդարանական բառապաշար: 

«Լարվածությունը ՀՀԿ-ն չի ստեղծում, ինքս մի քանի անգամ իմ գործընկերներին կոչ եմ արել, որ օգտագործեն պառլամենտական բառապաշար: Մենք ինքներս երբեք չափը չենք անցնում»,- հայտարարեց  Շարմազանովը:

 




Լրահոս