ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ա՛խ, ո՛տքս», «Մի՛ հրեք, խնդրու՛մ եմ», «Մի քիչ հանգիստ վարե՛ք, կարո՞ղ է ձեզ համար կարտոֆիլի պարկ ենք», «Խնդրու՛մ եմ, փոքր-ինչ իջեցրեք երաժշտության ձայնը»: Սրանք արտահայտություններ են, որոնք կարելի է լսել յուրաքանչյուր օր քաղաքային տրանսպորտով երթեւեկելիս: Մարդիկ դժգոհ են քաղաքային տրանսպորտից, որովհետեւ վարորդները ծխում են, լսում են բարձր երաժշտություն, մեքենաները կեղտոտ են ու վտանգավոր: Ու թեեւ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքն արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում, սակայն գրեթե բոլոր վարորդները ծխում են: Ինչ վերաբերում է երթուղային տաքսիների մաքրությանը, ապա միայն խնդիրը դա չէ: Մեքենաների նստատեղերը պարզապես քանդվում են, դրանք անհարմար են եւ նույնիսկ վտանգավոր առողջության համար: Երբ վարորդներից հետաքրքրվեցինք վարորդ-ուղեւոր հարաբերությունների մասին, պարզվեց, որ կոնֆիլկտներ  առաջանում են  հիմնականում մի դեպքում, երբ ուղեւորները կանգառից դուրս կանգառ են պահանջում, ինչի իրավունքը չունեն: Այդ քայլի համար վարորդները տուգանվում են 10 հազար դրամով: Խնդիր է նաեւ քաղաքային տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը: Թեեւ նախատեսված է, որ երթուղայինները պետք է 13 ուղեւոր տեղափոխեն, բայց վարորդները դժգոհում են, որ ամեն անգամ 13 մարդ տեղափոխելով, նրանք նույնիսկ սահմանված գծի գումարը չեն կարող վաստակել, էլ ուր մնաց գազի լիցքավորում կարողանան կատարել եւ «հացի փող» աշխատել: Մեր զրույցներից պարզեցինք, որ ընթացքում վարորդների օրական ծախսերը ոչ սեփական մեքենա վարելու պարագայում` 15 հազար դրամ է` որպես վարձավճար (պլան) եւ գումարած 6500 ՀՀ դրամ` գազալիցքավորում` չհաշված իրենց սնունդը, որի համար ճաշարաններին վճարում են նաեւ 100 դրամ` որպես «նստելավարձ» կամ «սպասելավարձ»: Իսկ մնացած 2000-2500 դրամը հասցնում են ընտանիքներին: «Հլը լավ ա, որ մնացած դեպքերում` մեքենայի տեխզննումն ու ապահովագրությունը, փչանալու ծախսերը գծատերերն են անում»,- նշեցին մեր զրուցակից վարորդները: Սեփական մեքենա ունենալը, բնականաբար, ունի իր առավելությունը. վարորդները վճարում են միայն գծի գումար, որը կազմում է մոտ 6000 ՀՀ դրամ` գումարած գազալիցքավորումն ու սննդի գումարը:  Մեքենան փչանալու դեպքում էլ ծախսերը  իրենք են հոգում: Կա եւս մեկ խնդիր. վարորդները աշխատում են առանց հերթափոխի, օրական 18 ժամ`  առավոտյան 6:00-ից մինչեւ 23:30-24:00-ն եւ համատարած դժգոհ են իրենց աշխատանքից: Իսկ այն հարցին, թե ինչու՞ են շարունակում աշխատել, բոլորի պատասխանը նույնն է. «Ուրիշ աշխատանք չկա մեր երկրում, ինչ կարող ենք անել, հո սոված չե՞նք նստելու»: Այսպիսով, 5-ից 15 րոպեն մեկ երթաշրջան են անում, որը օրական ստացվում է 6-ից 7 պտույտ (ռեյս): Պարզեցինք, որ միջմարզային տրանսպորտի ոլորտում եւս իրավիճակը առանձնապես լավ չէ: Ի տարբերություն շատ այլ երկրների` Հայաստանում չկա հստակ սահմանված չվացուցակ: Ինչպես հենց իրենք` վարորդներն ասացին, շարժվում են այն ժամանակ, երբ 13 նստատեղերը լցվում են: Նրանք օրական կատարում են 1 երթաշրջան, այսինքն` մեկ անգամ գալիս են, մեկ անգամ` գնում: Միջմարզային երթուղայինների վիճակը եւս լավ չէ: Հիմնականում նույն փնթի, անսարք ու վտանգավոր մեքենաներն են շահագործվում: Եւ հաճախ արդիական է դառնում միտքը, որ երթուղային տաքսիներից օգտվելը ավելի մեծ ռիսկ է պարունակում, քան շատ երկրներում ինքնաթիռով թռչելը: ԷԼՄԻՐԱ  ՍՄԲԱՏՅԱՆԵՊՄՀ-ի ուսանողուհի 




Լրահոս